Այսօր Մոսկվայի Լուժնիկիի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Տպավորիչ, գոլառատ խաղ՝ հույզերով, դրամատիկ պահերով լեցուն։ Ֆրանսիայի հավաքականը եզրափակիչում էր օրինաչափորեն․ այս ընտրանին համարվում էր մունդիալի հիմնական հավակնորդներից մեկը դեռ առաջնության մեկնարկին, Խորվաթիայի թիմը դարձավ այս մունդիալի հիմնական հայտնությունը։
Հանդիպումը սկսվեց ֆրանսիացիների բուռն գրոհներով․ 18-րդ րոպեին Գրիզմանի տուգանային խաղարկումից հետո Խորվաթիայի հավաքականում հակահերոս դարձավ փորձառու Մանջուկիչը՝ գլխի հարվածով գնդակն ուղարկելով սեփական դարպասը։ Ի պատիվ խորվաթների՝ նրանք բաց թողած գնդակից հետո չընկճվեցին ու ամբողջ թիմով նետվեցին գրոհների, որոնցից մեկն ավարտվեց դարպասի գրավումով․28-րդ րոպեին հիանալի հարվածով հաշիվը հավասարեցրեց Իվա Պերիշիչը:
Սակայմ ընդամենը տաս րոպե անց Պերիշիչը դարձավ այս խաղում իր հավաքականի երկրորդ հակահերոսը․սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Գրիզմանը դիպուկ էր՝ 2:1:
Այս խաղում ինտրիգային դարձան երկրորդ խաղակեսի միջնամասի վեց րոպեները, որոնց ընթացքում Ֆրանսիայի հավաքականը դարձավ երկու գնդակի հեղինակ, ըստ էության՝ որոշելով չեմպիոնության հարցը։ 59-րդ րոպեին հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: 6 րոպե անց հեռու տարածությունից Մբապեն դիպուկ հարվածեց՝ հանելով հաղթողի վերաբերյալ հարցերը:
69-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Լորիսը մանկական սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց փորձառու Մանջուկիչը և գնդակն ուղարկեց անպաշտըպան դարպասը:
Ֆրանսիա-Խորվաթիա՝ 4։2․ քսանամյա ընդմիջումից հետո ֆրանսիացիները երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, բրազիլացի Զագալոյից ու գերմանացի Բեկենբաուերից հետո, դարձավ երրորդ մարդը, ով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է թե ֆուտբոլիստի և թե գլխավոր մարզչի կարգավիճակում։
Խորվաթիայի հավաքկանն անցկացրեց փայլուն առաջնություն ու թերևս արժանի էր չեմպիոնության, սակայն արծաթե մեդալը նույնպես մեծ նվաճում է ընդամենը 4,5 միլոնամնոց բնակչություն ունեցոց եվրոպական այս փոքր երկրի համար։ Հատկանշական է այն փաստը, որ Խորվաթիայի հավաքականի համար նույնպես ամենահաջողը եղել է 1998-ի աշխարհի առաջնությունը, որտեղ այս հավաքականը գրավել է երրորդ հորիզոնականը։ Ի դեպ, քսան տարի առաջ կիսաեզրափակիչում խորվաթները կրկին պարտվել են Ֆրանսիայի հավաքականին։ Չնայած պարտությանը՝ ընթացիկ առաջնության արդյունքը բացառիկ հաջողություն է Խորվաթիայի հավաքականի ֆոտբոլիստների համար, որոնց հայրենիքում պատրաստվում են դիմավորել հերոսների պես։ Ի դեպ, ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի ազգային թիմի ավագ Լուկա Մոդրիչն է։
Նա ստացավ Ոսկե գնդակը։ Երկրորդը բելգիացի Էդեն Ազարն է, իսկ Անտուան Գրիզմանը երրորդն է։
Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար–Կիտարովիչը ռուսերենով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար։
«Բարև, ռուս երկրպագուներ։ Բոլոր խորվաթ երկրպագուների անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին ջերմ ընդունելության համար։ Դուք հրաշալի տանտերեր եք»,– ասել է Գրաբար–Կիտարովիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի գավաթը նպաստել է Ռուսաստանի շուրջ ստեղծված առասպելների վերացմանը: Այս մասին նա ասել է Մեծ թատրոնում կայացած Աշխարհի գավաթի փակմանը նվիրված գալա-համերգի բացման խոսքում։
«Մենք ուրախ ենք, որ մեր հյուրերը ամեն ինչ իրենց աչքով տեսան, որ ոչնչացան միֆերը և կանխակալ կարծիքները»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը մեծագույն պատասխանատվությամբ էր մոտեցել միջոցառման կազմակերպմանը, և այն միանգամայն հաջողել է:
Կազմակերպչական առումով Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի առաջնությունն իսկապես գրեթե անթերի էր և այս հարցում իրապես մեծ ներդրում ունի Պուտինի իշխանությունը։ Մյուս կողմից՝ ֆուտբոլի մեկ առաջնությունը, նույնիսկ՝ դրա իդեալական կազմակերպումը, չեն կարող հաղթահարել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, որը շատ ավելի խորքային ու ոչ մարզական պրոբլեմների հետևանք է։








































