«Տնտեսական քաղաքականության ամենակարևոր ռազմավարությունը Հայաստանում հավասար մրցակցային պայմանների ստեղծումն է, որն այս կառավարությունն իրականացնում է երեք ուղղությամբ՝ առաջինը պայքարել կոռուպցիայի դեմ, երկրորդ՝ պայքարել ստվերի դեմ, երրորդը՝ պայքարել մոնոպոլիաների դեմ, այսինքն՝ վերացնելով ստվերը, կոռուպցիան և մոնոպոլիաները՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը լինի արդար, հավասար դաշտում, ավելի հեշտ ու թափանցիկ և չկոռումպացված․ այն, որ նախորդ կառավարություններն այսպիսի գլոբալ պայքար չէին մղում, բայց փորձում էին որոշակի չափով հասնել դրան՝ երկարատև էր և ոչ միարժեք, իսկ ներկայիս կառավարությունն շատ ուժեղ քաղաքական կամք է դրսևորում և այս խնդիրները դրել է առաջին պլանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով նոր կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարությանը։
Մակարյանի խոսքերով՝ կառավարության ներկայիս գործունեությունը նպաստում է նրան, որ պետբյուջե գումարներ են լցվում, հետևաբար գալիք տարվա բյուջեն չի լինի ներկայիս բյուջեի չափով՝ 2,7 միլիարդ դոլար, այլ կլինի մի քանի անգամ ավելի մեծ բյուջե, ինչը ըստ Մակարյանի՝ կնպաստի մի քանի սոցիալական խնդիրների լուծմանը։
Այսուհանդերձ, մեր զրուցակիցը մի ուշագրավ հանգամանք է մատնանշում․«Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարելը՝ դրանք որոշ գերատեսչությունների խնդիրն է, որոնք նաև այդ գործառույթն ունեն, օրինակ՝ ՊԵԿ-ը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն և այլ մարմիններ, բայց մյուս նախարարությունները կոռուպցիայի դեմ պայքարում պետք է կանխարգելիչ դերակատարում ունենան, այսինքն՝ պետք է բարեփոխումներ անեն, օրենքներ փոխեն, այնպիսի աշխատանքներ տանեն, որ նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, պետական գնումների համակարգում ատկատներ չլինեն, բայց այսօրվա դրությամբ՝ նախարարությունների մեծ մասը տրվել է միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այսինքն նրանց թվում է, թե իրենց մանդատը միայն կոռուպցիայի դեմ պայքարելն է, այնինչ կրկնում եմ՝ նրանք պետք է կոռուպցիան կանխարգելեն և դրանով իսկ իրենց գործառույթները կատարեն, նրանց ժամանակի գերակշիռ մասը չպետք է ծախսվի միայն այստեղ-այնտեղ կոռուպցիա գտնելու վրա, նրանց ընթացիկ աշխատանքները, ընթացիկ պարտականություններն ու առաքելությունը մի փոքր այլ է, իսկ եթե չզբաղվեն բուն գործառույթներով, ապա Հայաստանն ամիսներով հետ կընկնի, որը աստիճանաբար տարիներով հետ մնալու կվերածվի, ինչը շատ ռիսկային է մեզ համար։
Բացի սրանից, ներկա կառավարության անդամները կրկնում են նախորդների սխալը, այսինքն՝ ամեն գերատեսչություն կարծում է, թե ենթադրենք այս կամ այն ֆունկցիան միայն մյուս գերատեսչության ֆունկցիան է, որովհետև գրված է նրա անվան կամ կանոնադրության մեջ, օրինակ՝ բոլորը կարծում են, թե Լարսի խնդիրը միայն Տրանսպորտի և կապի նախարարության խնդիրն է, մինչդեռ դա նաև գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարության պրոբլեմն է, բայց նրանք դրա մասին չեն խոսում և այսպիսի բազում այլ օրինակներ, այնինչ բոլոր նախարարությունների աշխատանքը փոխկապակցված պետք է լինի»,-մանրամասնեց Գագիկ Մակարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











































