Սաուդյան Արաբիայի դատարանը թագավորության քաղաքացուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորմանը մասնակից լինելու և 14 մարդու հավաքագրման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ալ-Հայաթ» թերթին:
Պարբերականի տեղեկություններով՝ իր գործունեությունը սաուդցին, ում անունը չի հաղորդվում, իրականացրել է համացանցով, մարդկանց գրավել է էլեկտրոնային նամակների ուղարկմամբ: Դատավճիռը կայացվել է չորեքշաբթի՝ ամբաստանյալի համակարգչում հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա:
Ինչպես պարզվել է՝ նա հավաքագրված հայրենակիցների համար կեղծ փաստաթղթեր է պատրաստել և աջակցել նրանց սահմանը հատելու գործում: Եմենում նա բազմիցս հանդիպումներ է անցկացրել «Ալ-Քաիդայի» դաշտային հրամանատարների հետ:
Տարիներ շարունակ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման գրոհայինները պարբերաբար խոշոր ահաբեկչություններ են իրականացրել Եմենում: Նրանց թիրախում են եղել երկրի անվտանգության ուժերի և ոստիկանության սպաները: