Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գեորգի Վանյանի` Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնությանը, ասաց, որ պատերազմող երկրում նրա նման մարդուն պետք է գնդակահարել: Նա ասաց, որ Գեորգի Վանյանի նպատակն այն է, որ իրեն մեկը խփի փողոցում, որից հետո ինքը կվազի որևէ երկրի դեսպանություն և տվյալ երկրի քաղաքացիություն կստանա: «Զուտ մարդկային նպատակը դա է»,- այսպես է մեկնաբանում Ռուբեն Գևորգյանցը Գեորգի Վանյանի նախաձեռնության մոտիվները: Լրագրողների դիտարկմանը, թե Ռուբեն Գևորգյանցը միայն Գեորգի Վանյանի դեպքում է այդպիսի հայտարարություն անում, վերջինս արձագանքեց. «Ով ուզում է լինի, եղբայրս էլ լինի, նույնը կասեմ»: Ռուբեն Գևորգյանցը հիշեց, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը մի մարդու, որն այսօր կրթահամալիրի տնօրեն է (անունը չցանկացավ նշել), ուղարկեց Բաքու, որը Հայաստան վերադառնալով հայտարարել էր, թե ինքը տեսել է մի կազմակերպված ազգ: «Պատերազմի ժամանակ, նորմալ երկրում այդ մարդուն գնդակահարում և պրծնում են: Հիմա ինքը դպրոցի տնօրեն է»,- ասաց նա: