Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին: Հարցազրույցում նոր կամ արտառոց մտքեր, քաղաքական հայտարարություններ չհնչեցին, սակայն այն ուշագրավ էր «ծռության» արժեքային, մենթալ համակարգը պատկերացնելու համար, մանավանդ՝ Ժիրայր Սեֆիլյանի թիմը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու լուրջ հայտ է ներկայացրել:
Բոլոր այն խոսակցությունները, թե «Սասնա ծռերը» փակել են զինված պայքարի էջը, ընդամենը ցանկության դրսևորում են կամ այդ թիմի քաղաքական պատվիրակների խոսքի տողատակը ընկալելու անկարողություն:
Եղնուկյանը բաց տեքստով ասում է, որ հիմա չեն կրակելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ նման պատճառներ չի ստեղծել: Ինքնին հասկանալի է, որ ամեն րոպե այդ պատճառները կարող են հրապարակ գալ: Եվ այստեղ խնդիրը բնավ էլ գործող իշխանության որակը չէ, այլ «Հիմնադիր խորհրդարան»-ի օրակարգի, պահանջների, ձևակերպումների արմատականությունը: Օրինակ՝ «Հիմնադիր խորհրդարան»-ն իմպերատիվ տոնով պահանջում է մինչև ամառային արձակուրդները ազատ արձակել «Սասնա ծռերի»՝ դեռ բանտում պահվող անխտիր բոլոր 19 անդամներին: Բանականությունը հուշում է, որ նման բան հնարավոր չէ՝ ո՛չ ֆիզիկապես, ոչ էլ քաղաքական պատճառներով: Հատկապես կարևոր է խնդրի քաղաքական կողմը. «ծռերի» ազատ արձակման գործընթացը, անկեղծ լինենք, ոչ թե նպաստել է հասարակական համաձայնությանը, այլ լուրջ տարաձայնություններ է ծնել անգամ հեղափոխությանն ակտիվ մասնակցած հասարակական խմբերի շրջանում: Էլ չենք խոսում սպանված ոստիկանների հարազատների մասին, որոնք օրերս Նիկոլ Փաշինյանին բաց տեքստով փոխանցել են իրենց մտահոգությունները:
Գրեթե կանխատեսելի է, որ եթե առաջիկայում ազատության մեջ հայտնվեն սպանությունների կամ պատանդառության հետ ուղղակի առնչություն ունեցող «ծռերը», այդ փաստը կարող է նույնիսկ հանդիպել հասարակության լայն շերտերի առնվազն պասիվ հակազդեցությանը:
Սակայն հարցը դիտարկենք այլ հարթության վրա. եթե, օրինակ, մեկ ամսվա ընթացքում բոլոր «ծռերը» չազատվեն, դա կարո՞ղ է պատճառ համարվել, որ պատից կախված զենքը դարձյալ կրակի, և ովքե՞ր են լինելու թիրախները՝ դատավորնե՞րը, թե՞ քաղաքական իշխանության ներկայացուցիչները: Կամ՝ արդյո՞ք «Հիմնադիր խորհրդարան»-ում դարձյալ կրակելու ցանկություն կունենան, եթե խորհրդարանական առաջիկա ընտրություններում պարզվի, որ իրենց վստահում է հասարակության ընդամենը 1-2%-ը: Միշտ կարելի է ասել, որ ընտրությունները կեղծվել են, մանավանդ՝ Կարո Եղնուկյանը պնդում է, որ 2016-ին «գյուլլելու» պատվերը ստացել են հասարակությունից:
Մեծ հաշվով՝ գոյություն ունի պատմագիտական աքսիոմ. զինված ապստամբությունները հեղափոխություն են դառնում հաղթանակի պարագայում, հակառակ դեպքում բնութագրվում են «ահաբեկչություն» եզրույթով:
Թավշյա հեղափոխությունից հետո պետությունը գնացել է բացառիկ հումանիստական քայլի՝ գործունեության ռեաբիլիտացիայի շանս տալով մարդկանց, ովքեր կրակել են պարտադրված՝ քաղաքական իրականությունից և մոտիվներից ելնելով:
Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնացել է մեծ քաղաքական ռիսկի, որովհետև զենքը մնացել է պատից կախված, և հայտնի չէ՝ ե՞րբ և ո՞ւմ վրա դարձյալ կկրակի…
Լուսանկարը՝ Photolure-ի










































