«Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում կտրուկ և շեշտակի փոփոխություններ չեն լինելու, և դա այդպես է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: -Կարծում եմ ԱԳՆ-ն այժմ ավելի բաց է և հանրության հետ կապը փորձում ենք դարձնել փոխգործակցային»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանին տեղի ունեցող դեպքերը հաջորդեցին ՀՀ պաշտպանության նախարարի և արտգործնախարարի՝ սահման կատարած այցին, Ռ. Ռուբինյանը նշեց. «Սահմանին վիճակը լուրջ է արդեն 30 տարի, և Հայաստանը միշտ էլ կանգնած է հնարավոր պատերազմի շեմին: Որոշակի փուլերում կարող է լինել լարվածության աճ, որոշակի փուլերում՝ լարվածության թուլացում, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է ապրի իր բնականոն կյանքով, դա չի նշանակում, որ Հայաստանում չպետք է լինի հակակոռուպցիոն պայքար… Նախկին իշխանավորների «կացնային» պրոպագանդան չի փոխվել, հիմա էլ որպես ընդդիամդիր են ասում՝ ինչո՞ւ եք կոռուպցիայի դեմ պայքարում եթե կա պատերազմի վտանգ»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը պատերազմի վտանգը Արցախից տեղափոխում Նախիջևանի սահման, արտգործնախարարի տեղակալը նշեց. «Կարող են լինել մի շարք պատճառներ, բայց ես ուզում եմ շեշտել, որ էական չեն այդ պատճառները, էական է այն, թե ինչ է անելու Հայաստանն այդ ուղղությամբ: Հայաստանը միշտ կողմ է եղել կառուցողական բանակցություններին, խաղաղությանը հասնելուն միտված քայլերին և շարունակում է կողմ լինել տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Սակայն սա ամնեևին չի նշանակում, որ Հայաստանն այսպիսով թուլություն է ցուցաբերում: Հայ զինվորները մշտապես պատրաստ են ցանկացած ոտնձգություն դիմակայել և շատ մեծ պրոբլեմներ առաջացնել ագրեսոր կողմի համար»:
«Հայաստանը դիրքավորվում է որպես կառուցողական կողմ, որը պատրաստ է բանակցությունների, բայց սա չպետք է դիտվի որպես թուլություն»,- ընդգծեց Ռուբինյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տիրող իրավիճակին՝ Ռուբինյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն ամբողջովին վերահսկում է իրավիճակը, ցանկացած սադրանքի պատրաստ է և տալիս է համապատասխան պատասխան. «Այս կոնտեքստում ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա: Հարկ եղած դեպքում կարող ենք դիմել»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































