Հայաստանն արդեն իսկ թևակոխում է բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհավտանգ շրջան:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
«Առաջիկա 5 օրերին դաշտավայրային շրջաններում 40-42 աստիճան ջերմային ֆոնի բարձրացում ենք ունենալու: Գլոբալ տաքացման շրջանում Հայաստանը գտնվում է այդ երևույթի մեջ, և տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ջերմային ալիքի ներխուժման հետևանքով չորային կլիմայով ամառների թիվը մեր երկրում ավելացել է»,- ասաց Գաբրիելյանը:
Նա քաղաքացիներին հորդորեց նմանատիպ հատվածներում զգույշ լինել, քանի որ հրդեհների մեծ մասը մարդածին է ու առաջանում է բնակիչների անզգուշության հետևանքով: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալը նաև հավելեց, որ հրդեհները հիմնականում լինում են մայրուղիներին մոտ տարածքներում:
«Մեր երկիրը սակավ անտառազանգվածով երկրների թվին է պատկանում, անտառների թիվն ամբողջի 11,2 տոկոսն է կազմում: 200.000-ից ավելի հրդեհ է առաջանում ամբողջ աշխարհում, նյութական, մարդկային կորուստներ են լինում: Բարեբախտաբար, մենք դեռևս մարդկային կորուստներ չունենք, բայց պետք է շատ զգույշ լինենք»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը:










































