Հայաստանում արտահերթ ընտրական գործընթացին ընդառաջ՝ հնչող հարցերի շարքում ոչ միայն խաղի կանոններին առնչվող հարցերն են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության համատեքստում, այլ նաև ընդդիմության հարցը՝ ով է լինելու ընդդիմություն առաջիկա ընտրական գործընթացում:
Հասկանալի է, խոսքը թավշյա հեղափոխությունն իրականացրած Նիկոլ Փաշինյանի թիմին ընդդիմություն լինելու մասին է:
Իհարկե, այս հարցի պատասխանն իր ամբողջականությամբ կախված է այն բանից, թե ինչպես է այդ թիմը մասնակցելու ընտրությանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրության գնալու է «Քաղաքացիական պայմանագրո՞վ», թե՞, օրինակ, «Ելք» դաշինքով կամ գուցե ավելի լայն դաշինքային ֆորմատով: Իհարկե, այս առնչությամբ առաջանում են հարցեր, թե ինչո՞ւ, ինչի՞ համար է նրան պետք ավելորդ «մարդ» վերցնել առանց այդ էլ հաջողությամբ առաջ գնացող «նավ»: Սա էլ, իհարկե, իր հերթին կախված է այն հանգամանքից, թե Նիկոլ Փաշինյանի թիմը որքանով կշարունակի հաջողությունը մինչև արդեն բուն պաշտոնական ընտրական գործընթացի և նախընտրական արշավի մեկնարկ:
Սրանք, իհարկե, մանրամասն պատասխաններ ենթադրող հարցեր են, սակայն ով է լինելու ընդդիմություն լայն հարցը առկա է՝ անկախ Փաշինյանի թիմի մասնակցության ֆորմատից: ՀՀԿ-ն, որը այսօր հայտարարված թերևս միակ ընդդիմությունն է, իրականում հակառակը՝ միակն է, որ ընդդիմություն լինել չի կարող, այսինքն՝ չի կարող հավակնել հանրության ձայնին: Իհարկե, կլինի խանգարել փորձողներից մեկը, այնքանով, ինչքանով կստացվի, սակայն դա արդեն այլ հարց է:
Խոշոր հաշվով, սակայն, առաջիկա արտահերթ գործընթացը թերևս ունենալու է ոչ թե ընդդիմություն, այլ ավելի շուտ խանգարել փորձողներ, որոնք այդ բնույթի գործունեությունն են փորձելու ներկայացնել որպես ընդդիմադիր գործունեություն՝ հաշվարկելով դրա արդյունքում ստանալ ձայներ և հայտնվել խորհրդարանում: Ի վերջո, ընդդիմության խնդիրը բաց է օբյեկտիվորեն, որովհետև Հայաստանում պրոցեսը հերթական քաղաքական չէ, այլ հեղափոխական, ծավալվել կամ զարգացել է թավշյա հեղափոխության, քաղաքացիական անհնազանդության արդյունքում, և ըստ էության ոչ այնքան առաջին ընտրությունն է դրանից հետո, որքան վերջին քայլն է այդ հեղափոխության գործընթացում:
Ահա այստեղ է օբյեկտիվ ելակետը, որը գործնականում բնականորեն է ստեղծում իրավիճակ, երբ առկա է ընդդիմության բացակայության խնդիրը: Մեծ հաշվով, հաշվի առնելով այդ իրավիճակը, ներկայումս առանցքայինը հենց խաղի կանոնների մշակումն է, այնպիսի կանոնների հաստատումը, որը կստեղծի միջավայր արդեն նոր իրավիճակում առաջին ընտրություններում ընդդիմության պատկառելի ներկայացվածության համար:
Նոր իրավիճակում առաջին ընտրությունը ըստ էության լինելու է արտահերթ ընտրությանը հաջորդող հերթականը: Հայաստանին անհրաժեշտ է նոր ընդդիմություն, որակապես, գաղափարապես նոր ընդդիմություն: Այդ ընդդիմությունը չի կարող ձևավորվել մինչև արտահերթ ընտրություն, օբյեկտիվորեն: Հետևաբար թավշյա հեղափոխության ժողովրդական ձեռքբերումները պետք է պահպանեն հասարակությունը և ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ ժամանակ շահելով որակապես նոր ընդդիմության ստեղծման համար: Այդ ընդդիմության հարցն է, որ Հայաստանի համար արդեն կենսական է:
Լուսանկարը՝ Photolure-ի










































