«Ես չեմ տեսնում, որ կուսակցությունները համագումարներ անեն, իրենց տեղը և դերը ճշգրտեն: Լուրջ իրավիճակ է փոխվել… Իշխանափոխություն է եղել, պետք է քաղաքական դաշտում առաջ գար դիրքավորման խնդիրը՝ որ ուժերն են ողջունում այս պրոցեսը, և որ ուժերն են դատապարտում կամ հաաձայն չեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ երկրի ներքին ու արտաքին միջավայրերի կայունացման համար կարևոր է, որ քաղաքական ուժերը ոչ միայն վերաբերմունք արտահայտեն տեղի ունեցածի նկատմամբ, այլ նաև հստակ նշեն, թե ինչ ծրագրային պլատֆորմներով ու ուղենիշներով են շարժվելու:
Քաղաքագետի խոսքով՝ այս պահին անհնար է խոսել սպառիչ ցուցակի մասին, թե ընտրությունների ժամանակ ովքեր են մասնակցելու ֆինալային մրցապայքարին: Նա մտահոգություն արտահայտեց, որ դիրքավորումների բացակայության արդյունքում կարող են պատահական դաշինքներ ստեղծվել, ինչի արդյունքում ստեղծված խորհրդարանը չի կարող կայուն լինել:
Քաղաքագետը չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է դուրս գալ նոկդաունից: «ՀՀԿ-ն ժամանակ ունի իրեն առանձնացելու կրիմինալ և իրեն խոցելի դարձնող թևից՝ քրեաօլիգարխիայից: ՀՀԿ-ն իր գոյությունը պահպանելու համար պարտադրված է դա անել»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ն լքելը վատ բան է նշանակում: «Ստացվում է, որ ՀՀԿ-ն ցատկահարթակ է եղել մարդկանց համար: Զարմանալին այն էր, որ նա ՀՀԿ անդամ դարձավ և իր հետ 7000 մարդ բերեց այն ժամանակ, երբ իրեն պետք էր հենարան, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Կուսակցությունն ցատկահարթակ է դարձել հենց Հանրապետականի մեղքով: Եվ եթե բարձրագույն պաշտոնին եք հասել այս կուսակցության շնորհիվ, ապա ես չեմ հասկանում դրանից հետո նեղանալը, դուրս գալը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































