Հետևելով նախկին իշխանությունների մասին բացահայտումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ հարստությունն ու հարստանալը նրանց համար եղել են ինքնանպատակ, մոլուցք ունեցող ձգտում: Մոլուցք ունեցողները իրենց մոլուցքին հագուրդ տալու համար միջոցների միջև խտրություն չեն դնում: Երբ հարցին նայում ենք այս տեսանկյունից, պարզ է դառնում, որ շատերի համար միևնույն է եղել՝ ինչը կթալանի և ինչպես. երեխաների սնունդը, թե հաշմանդամ մարդկանց սայլակը, նրանց համար թալանն ու մսխումը եղել են ինքնանպատակ մղում:
Այս արձանագրության ամենաողբերգական կողմն այն է, որ շուրջ երկու տասնամյակ մեր երկիրը ղեկավարել են նրանք, ովքեր անմեղսունակության հետ կապված խնդիրներ են ունեցել և առաջնորդվել են բնազդային մղումներով: Իսկ ի՞նչ կարող էր լինել պետության հետ, որի վերանախավում հավաքվածները պատրաստ են եղել ամեն ինչի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետի դեմ բողոքները առաջին հերթին քաղաքական հարթության վրա պետք է դիտարկել: Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների հիմնական խնդիրը եղել է երկրից գողանալը, և Երևանի քաղաքապետը բացառություն չէ: Քաղաքագետի խոսքով՝ այս ամեն ինչը ունի իրավական արտահայտություններ:
Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ՝ բոլոր այն փաստարկները, որոնք բերվում են Տարոն Մարգարյանի անարդյունավետ կառավարման, նրա ունեցվածքի և համայնքի բյուջեն տնօրինելու հետ կապված՝ այդ ամենը որոշակիանում են: «Այժմ իրավապահներն են զբաղվում այդ հարցերով, և Տ. Մարգարյանին չի հաջողվի խուսափել: Նրա գործունեության քաղաքական հետևանքն այն է, որ ի հաշիվ քաղաքի բյուջեի է ձևավորվել նրա ունեցվածքը»,- նշեց Խաժակյանը:
Ենոք Ազարյանը նշեց, որ եթե կան հարուցված քրեական գործեր, ինքը իրավական գնահատական չի կարող տալ:
Մանրամասն՝ տեսանյութում:








































