«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, «Եվրոպայի հայերի միությունն» ու «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը ժամանակին համագործակցում էին։ Ի՞նչ կարծիք ունեք Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) կալանավորման և վերջին իրադարձությունների հետ կապված։
– «Եվրոպայի հայերի միությունն» իր իսկ կողմից հնարած կեղծ կազմակերպություն է։ Իսկ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հիմնվել է Շվեյցարիայում՝ 1998 թվականին, հայտնի է իր գործունեությամբ, և դրա արդյունքները ներկայացնելու կարիք չկա՝ բոլորին է հայտնի այն տիտանական աշխատանքը, որ մենք արել ենք՝ հատկապես մեր լոբբիստական գործունեության ասպարեզում։ Մեր կազմակերպությունը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպայում տարբեր անուններ կրող և, ցավոք, տեղ-տեղ մեզ հետ նույնացվող ավանտյուրիստական խմբերի ու կառույցների հետ, որոնք ունեն բացարձակ այլ նպատակներ։ Եթե ինչ-որ մեկը հանկարծ խառնի այդ Դոն Պիպո կոչված խայտառակ երևույթը և իր ստեղծած անհասկանալի եվրոպահայերի կառույցը մեզ հետ, ապա խիստ սխալված կլինի։ Մենք ոչ միայն ոչ մի ընդհանուր բան չունենք դոնպիպոների հետ, այլև ժամանակին Ռոբսոն կոչվածի և Դոն Պիպո կոչվող այդ ծաղրական երևույթի դեմ հանդես ենք եկել և տվել ենք այդ տեղեկատվությունը, որն ունեցել ենք։ Ինչպես գիտեք, Ռոբսոնն ունի դիվանագիտական անձնագիր ու համարներ, որի պատասխանատվությունն ընկնում է Էդիկ Նալբանդյան կոչեցյալ նախկին նախարարի վրա։ Նա դեռ պետք է պատասխան տա՝ ինչպե՞ս է, որ շատ բարձրագույն անձինք, որոնք զբաղվում են դիվանագիտական և լոբբիստական գործունեությամբ, չունեն ոչ մի դիվանագիտական անձնագիր Հայաստանից, իսկ գողությամբ և ավազակությամբ զբաղվողները, ինչպիսին է Ռոբսոնը, ունի այդ անձնագիրը։ Եվ երկրորդ հարցը՝ ի՞նչ պատասխան պետք է տան Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը այդ Դոն Պիպոյի գործունեության հետ կապված։ Չէ՞ որ նրանց օրոք է Դոն Պիպոն ծաղկել և շարունակել իր բացառիկ կեղծ բարեգործության անվան տակ ավազակային գործողությունը։ Բավական է լսել Դոն Պիպոյի մի հարցազրույց՝ հասկանալու համար նրա մակարդակը, ինչպես պետք է նրան մոտ թողնել վարչական ապարատներին, որոնց անունից նա դրսում բավականին հաճախ հանդես է եկել։
Ինչ վերաբերում է այս վերջին անձին և Մանվել Գրիգորյանի հետ նրանց պատերազմին, ապա ողջ երկրագունդն ականատես եղավ՝ ինչպես նրանց ձերբակալեցին և տարան այնտեղ, որտեղ վաղուց պետք է տարած լինեին: Ես կարծում եմ, որ սա ցավալի հետևանքներ է ունենալու, որովհետև կան տեղեկություններ, որ Ինտերպոլն էլ է ոմանց գործերով զբաղվելու։ Դրսում խառնվել են իրար, թե այդ ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ ԵՀՄՖ-ն միշտ էլ մերժել է նման մարդկանց հետ շփումը, նույնը՝ Մանվել Գրիգորյան կոչվող սարսափելի երևույթի հետ։ Բացարձակապես երբեք նրանց հետ չենք շփվել, մենք կարծում ենք, որ նրանք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են։
– Հայտնի է, որ Արթուր Ասատրյանը Եվրոպայում գործունեություն է ծավալել, վերջերս էլ, նախքան կալանավորվելը, վարչապետին ուղղած իր նամակում նշել էր, որ պատրաստ է վերադառնալ, ներդրումներ անել։ Տեղյա՞կ եք՝ մասնավորապես ի՞նչ գործունեության մասին է խոսքը։
– Ինքներդ եթե նայեք համացանցում, կտեսնեք բոլոր այն տեսահոլովակները, որոնցում ներկայացվում է այդ պարոնը։ Եղավ տեղեկատվություն, որ նա Մոսկվայում ցածր մակարդակի գործունեությամբ կարողացել է ինչ-որ փողեր կորզել, եթե չեմ սխալվում՝ շուկայական առևտրի փորձ ունի, ունեցել են տարբեր կրպակներ. ընդամենը կարողացել է այդ մարդկանցից իր շահը կորզել, մնացած գործունեությանը բացարձակ ծանոթ չեմ, ոչ էլ հետաքրքրված եմ։ Այնուհետև, ըստ տարածված տեղեկատվության, նրան փորձել են ձերբակալել, բայց նա ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Այդ պարոնի մակարդակը շատ հեռու է այն մակարդակից, որի հետ մենք շփվում և աշխատում ենք։
– Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեր երկրի վարկանիշի վրա ի՞նչ անդրադարձ կունենան, դրանք կվնասե՞ն մեր երկրի իմիջին, թե՞ հակառակը՝ ԱԱԾ-ի և ոստիկանության բացահայտումները կբարձրացնեն մեր հեղինակությունը։
– Երկուսն էլ։ Խիստ անհարմար է, որ մենք ունենք դոնպիպոներ, մանվելներ, սեյրաններ, նեմեցներ, որոնք պարզապես խայտառակություն են։ Նրանց հետ շփվելն արդեն խայտառակություն է, փաստորեն այդ տիպի մարդիկ կարող էին մեծահարուստ ու բարեգործ կոչվել։ Բայց մյուս կողմից էլ՝ խիստ ողջունելի է, որ Սերժ Սարգսյանի ստեղծած այս ամբողջ քրեական համակարգը սկսում է փլվել։ Դրանք բոլորը քրեական տարրեր են։ Գիտենք, թե Նեմեց Ռուբոն ինչ կռիվներ է արել Երևանում, ինչ ճանապարհով է հարստացել, ու հիմա էլ ֆուտբոլի ողջ արհավիրքն իր պատճառով է։ Այսօրվա մեր ֆուտբոլի տապալման մեղավորը նա է, Նեմեցի նման մարդիկ իրավունք չունեն միջազգային ասպարեզ դուրս գալու, մարդիկ, որոնք հայերեն խոսել չգիտեն և խայտառակ փողոցային բարբառով են խոսում՝ նույն Մանվելը, այս Պիպո կոչվածը։ Այն գործողությունները, որ անում է վարչապետ Փաշինյանը դրանց վերացնելու համար, մեր իմիջը շատ կբարձրացնի։ Այդ բոլոր մարդիկ պետք է պատասխան տան, նրանք գցում են մեր երկրի, մեր ազգի իմիջը։ Հիշո՞ւմ եք, Նեմեց Ռուբոն ասում էր՝ ես ջութակահարի նմա՞ն եմ, Աստված տա՝ դու ջութակահարի նման լինես, դու բանդիտի ես նման, այս բոլոր երևույթները պետք է պատասխան տան։ Մեծ հույս ունեմ, որ վարչապետ Փաշինյանին կհաջողվի առավելագույնս մաքրել մեր երկիրը, ես ողջունում եմ նրա քայլերը։










































