Ուրբաթ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորման զինված ծայրահեղականները հարձակվել են քրդական գյուղի վրա, զինաթափել աշխարհազորայիններին և իրենց հետ անհայտ ուղղությամբ տարել 120 խաղաղ բնակչի: Պատանդների թվում են կանայք ու երեխաներ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հալեպից 40 կմ հյուսիս՝ Թուրքիային սահմանակից Աազազ քաղաքի մոտակայքի Ահրաս գյուղում:
«Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումն ու «Ջեբհաթ Ալ-Նուսրան» արգելափակել են երկրի հյուսիսում քրդական շրջաններ տանող բոլոր ճանապարհները: Քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ ռազմական գործողությունների նոր ռաունդը սկսվել է դեկտեմբերի 2-ին: Գրոհայինները խիտ բնակեցված շրջաններում արգելափակում են մարդասիրական ավտոշարասյուների մուտքը, կրակում վարորդներին:
Ծայրահեղականները ցանկանում են իրենց վերահսկողության տակ վերադարձնել Ալ-Հասիկա նահանգի սահմանային անցակետերը, որոնք հուլիսին և հոկտեմբերին գրավել էին քրդերը:









































