Ոստիկանությունը նախօրեին լայնածավալ խուզարկություններ է իրականացրել Հայաստանում ապրող մի շարք, այսպես կոչված, «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տներում՝ ավելի ուշ հայտարարելով, որ հայտնաբերել է թմրանյութեր, զենք, զինամթերք, կան բերման ենթարկվածներ: Զուգահեռ շարունակվել են խուզարկությունները ԵԿՄ կառույցներում: Միաժամանակ, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել նաև «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերություններում, որոնք անվտանգության սպասարկմամբ, մասնավորապես տեսախցիկներ, արագաչափ տեղադրելով և սպասարկելով են զբաղված:
https://www.youtube.com/watch?v=qF7CY2YuVOs&feature=youtu.be
Կապ ունի՞ այս ամենը իրար հետ, ի՞նչ են փնտրել իրավապահները տարբեր ուղղություններով, թե՞ պարզապես սկսված է լայնածավալ գործողություն տարբեր ուղղություններով՝ Հայաստանում մթնոլորտի արմատական բեկման համար, հանցավորության արմատական կանխարգելման համար, բավականին դժվար է ասել: Սակայն այս ամենով հանդերձ, հատկանշական է խնդրի քաղաքական տողատակը:
Բանն այն է, որ այսպիսով իշխանության քաղաքական կամքի ակնհայտ դրսևորման արդյունքում մենք արդեն մի քանի օր տեսնում ենք Հայաստանի ներքին կյանքում, քաղաքական գործընթացներում ոչ առերևույթ, սակայն համընդհանուր իմացության պայմաններում մի կողմից ոչ ֆորմալ ռազմականացված, մյուս կողմից՝ ռազմականացված քրեական խմբավորումների և շրջանակների թիրախավորում: Այս սեգմենտները, որ արտահայտվել են մի կողմից երկրապահների ցուցանակի ներքո, մյուս կողմից՝ քրեական տարբեր խմբավորումների ցանցով, ըստ էության վճռորոշ գործոն են եղել հայաստանյան, այսպես կոչված, ներքին քաղաքական կյանքում:
Այդ իմաստով, իրավապահների գործողությունները, կամա թե ակամա, թիրախավորում են այդ գործոնները, այլ կերպ ասած՝ կամա թե ակամա, գոնե այդ մասով մաքրում են ներքին քաղաքականությունը: Իհարկե, ներքին քաղաքականության մեջ կան մաքրելու շատ այլ բաներ, սակայն մյուս կողմից, իհարկե, մինչև առանցքային արատավոր ազդեցության գոտիները չչեզոքացվեն, այդ մաքրությունը քաղաքականության վրա, ինչպես ասում են, չի երևա, և գուցե հնարավոր էլ չլինի:
Միևնույն ժամանակ, որքան էլ փոփոխությունների ենթարկվեն ընտրական խաղի կանոնները, ներքին քաղաքականությունը ռազմականացված և քրեականացված ազդեցությունից չզատելու, այդ ազդեցության գոտիները չչեզոքացնելու դեպքում խաղի նոր կանոնները չեն ունենա անհրաժեշտ էֆեկտիվություն, և միևնույն ժամանակ նաև չի հաջողվի Հայաստանում արձանագրել իրապես նոր հանրային միջավայր ու մթնոլորտ:










































