Մարդու իրավունքների պաշտպանի հետ հիմա կատարվում է այն, ինչ կատարվում էր ընդդիմության հետ ընտրությունների ժամանակ: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Նույն վիճակն է, երբ համապատասխան մարմինները, լիազորված լինելով բացահայտել հանցագործությունները, չէին իրականացնում դա, ընդդիմությունից ապացույցներ էին պահանջում ընտրակաշառքի վերաբերյալ, բացակա ռեսուրսների: Նման իրավիճակում այսօր հայտնվել է ՄԻՊ-ը, ով զեկույց է ներկայացրել: Ներկայացրել է այն, ինչ բոլորը գիտեն, ինչ նորություն չէ. ընդամենը, որպես պաշտոնատար անձ, այդ ամենը ներկայացրել է, և հիմա ամեն կողմից հարձակվում են»,- ասաց նա:
Մարտիրոսյանի կարծիքով՝ ի տարբերություն ՎՊ նախագահի տեսակետի՝ ՄԻՊ զեկույցի ամենալուրջ մասը հենց առաջին մասն է, որը վերաբերում է կոռուպցիային, քանի որ Հայաստանում այդ չարիքով են ախտահարված բոլորը: Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում այսօր որևէ մեկն իր իրավունքների արդար պաշտպանությունը դատարանից չի սպասում, որովհետև նրանք ուղիղ զանգերով որոշումներ են կայացնում:
«Ես իմ աջակցությունն եմ հայտնում ՄԻՊ-ին: Երևի թե այս պաշտոնն իրապես կառմա է. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, Արմեն Հարությունյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը և որոշակի մթնոլորտից հետո ուղղակի փոխեց իր աշխատանքի վայրը: Երևի թե այնքան բողոքներ են իրենք ստանում, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչը լինելով՝ այլևս չեն դիմանում և նման զեկույցներ են լինում»,- ասաց նա՝ նշելով, որ նմանատիպ զեկույցները միայն դրական գնահատականի են արժանի:






































