Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցին այդքան մեծ նշանակություն տալ չարժեր: «Ես կարծում եմ, իհարկե, որ Դավութօղլուի համար դա շատ էր՝ արժեքավորել, որ Դավութօղլու է եկել, ընդամենը ուշադրություն չպիտի դարձվեր, մանավանդ՝ դա ոչ թե մեր կառույցն է՝ Սևծովյան, այլ տարբեր երկրներում դա լինում է: Չէր կարելի ո՛չ էդքան ընդգծել, ո՛չ հույսեր փայփայել, ո՛չ էլ մտածել, որ Դավութօղլուին կարելի է այնպես դաստիարակել, որ Դավութօղլուն դառնա դեմոկրատ կամ էլ ինչ-որ մոտեցումների ձևավորման փոփոխություն ունենա»,- ասաց նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Ըստ պատգամավորի՝ դա պարզապես առօրյա խնդիր էր, Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը կարող էր նաև այստեղ չլինել, այլ Ադրբեջանում կամ Բուլղարիայում, այնպես որ Սահակյանն այստեղ որևէ խնդիր չի տեսնում, միաժամանակ նշում է, որ պարզապես պիտի կարողանանք «թիթիզությունով» էլ ամրապնդել մեր տեսակետը:
«Այս առումով նույնիսկ կարելի է գնահատել, այսինքն՝ եթե Հանրապետականը չի գնացել, չի գոռգոռացել, դա չի նշանակում, որ չի ընդունում նրանց, ովքեր գնում-գոռգոռում կամ ամբողջացնում են ինչ-որ տեսակետ: Ամեն ինչ կարելի է տրամաբանորեն ընդունել, բայց կարծում եմ՝ այդտեղ արդյունքների մասին խոսել չի կարելի: Դավութօղլուն կարող էր գալ, կարող էր և չգալ»,- ասաց նա:











































