ՀԱՀ Քեյփթաուն քաղաքի կալվածքում ոստիկանությունը հետաքննում է գողության գործը, որից տուժել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, նախկին արքեպիսկոպոս 82-ամյա Դեսմոնդ Տուտուն: Թալանի պահին Տուտուն եղել է ՀԱՀ հանգուցյալ առաջնորդ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին:
Ոստիկանության տվյալներով՝ գողերը Տուտուի տուն են ներթափանցել երեքշաբթի՝ ժ. 19.00-21.00-ի հատվածում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Դեռևս չի հաջողվել դուրս գալ հանցագործների հետքի վրա:
Չարագործներն օգտվել են առիթից, որ Տուտուն 1300 կմ հեռացել է տնից՝ ուղևորվելով Յոհանեսբուրգ:
Նոբելյան դափնեկրի օգնական Ռոջեր Ֆրիդմանը հաստատել է գողության փաստը, սակայն չի կարողացել հայտնել վնասի չափը: Կողմնակի անձանց մուտքը տուն նկատել էին Միլներտոն փողոցում պարեկող ոստիկանները:
Վերջին ամիսներին սա երկրորդ հարձակումն է Տուտուի տան վրա: 2013-ի օգոստոսի 7-ին հանցագործները մտել էին նրա բնակարան և կենցաղային տեխնիկա տարել: Այդ պահին Տուտուն և նրա կինը քնած են եղել:











































