Վերջին օրերին Ռիո դե Ժանեյրոյում տեղացող հորդառատ անձրևների պատճառով տարհանվել են ավելի քան 2000 ընտանիքներ, զոհվել է առնվազն 2 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ուժեղ անձրևները քաղաքում սկսվել են երեքշաբթի երեկոյան: Ջուրը հեղեղել է Ռիոյի մի քանի գլխավոր փողոցներ, ինչը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի:
Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ վատ եղանակային պայմանների հետևանքով հաճախակի են դարձել փողոցային կողոպուտների դեպքերը: Երկրի կառավարությունը կարգադրել է ուժեղացնել փողոցների պարեկությունը և տուժած գոտիներ ուղարկել առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ քաղաքապետ Էդուարդ Պաիսը մարդկանց կոչ է արել չլքել տները:
Օդերևութաբանների տվյալներով՝ միայն տասը ժամվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև կիրակի:









































