Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում «Մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձավ երեկ Չինարիում զինծառայողի մահվան դեպքին: «Ես ասացի, որ դեռևս մեր հասարակության մեջ և նաև բանակում գոյություն ունեն երևույթներ, ինչպես՝ թաքցնել, չզեկուցել ժամանակին, քո ուժերով խնդիրներ լուծելու սկզբունքին ապավինել, որովհետև մեզ մոտ կարծում են, որ ժամանակին զեկուցելը, հրամանատարին դիմելը ճիշտ չէ, դա փողոցից է գալիս»,- ասաց նա:
Օհանյանի խոսքով՝ որոշ դեպքերում զինծառայողները հրամանատարներին չեն վստահում, հասարակական կազմակերպություններին ավելի շատ են վստահում: Նախարարը նշեց՝ եթե ժամանակին զեկուցեն, որ խնդիր կա, չենք գտնի զենքի պահասենյակում սպանված զինվորի: «Ծագած վեճի և ապա հաշվեհարդար տեսնելու միտումներ կան, իրավապահները դեռ աշխատում են, հետագայում կբացահայտվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:









































