Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորում է բանակ-հասարակություն-խորհրդարան եռամիասնության կապի ամրապնդումը: Դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքները զինված ուժերում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Օհանյանը նշեց, որ այս բաղադրիչներից թեկուզ մեկի անջատ գործելու պարագայում ինստիտուտների միջև ստեղծվում է անջրպետ, իսկ մեր պարագայում բանակից կտրված հասարակությունը, հասարակությունից կտրված բանակը կամ դրանց հետ լրջորեն չինտեգրված խորհրդարանը լրջագույն մարտահրավեր են՝ թե՛ անվտանգության շահերին, թե՛ ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդմանը:
«Մարդը, նրա իրավունքները, ազատությունը և անվտանգությունը այն հիմնարար և անկյունաքարային երևույթներն են, որոնք ձևավորում են հասարակության և պետության բազիսը, որի հիման վրա են կառուցվում սոցիալ-քաղաքական վերնաշենքային ինստիտուտները: Հաճախ հնչում են կարծիքներ՝ բանակը հասարակության հայելին է, հետևաբար նորմալ է, որ հասարակության մեջ կուտակված բացասական էներգիան բանակի նման փակ համակարգում խտացվելով՝ բերում է ՄԻ խախտումների, սա մենք համարում ենք առնվազն անհեթեթ արդարացում, ավելին ասեմ՝ ես արգելել եմ ԶՈՒ-ում նման արտահայտությունն իբրև արդարացման միջոց գործածել»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ չի ժխտում՝ զորակոչի հիման վրա ձևավորվող բանակն ամեն դեպքում կրում է իր վրա հասարակության ազդեցությունը՝ լինի դա լավ թե վատ, սակայն բանակի փակ ինստիտուտը, ըստ նրա, այս դեպքում պետք է որպես հաղթաթուղթ օգտագործել հասարակությունից ներթափանցող վատ երևույթների ներթափանցման դեմ, ոչ թե ծառայեցնել որպես անպատասխանատու մարդկանց թերի աշխատանքի արդարացում: Նա նշեց, որ գալիք տարին՝ 2014 թվականը, հռչակել են որպես Զինված ուժերում փողոցային բարքերի դեմ պայքարի տարի, փորձելու են բանակին բնորոշ խիստ կարգուկանոնն ու առօրյան զուգորդել փոխհարաբերությունների, շփման էթիկայի, մտածողության վրա համալիր ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ բանակը կարող է օգտագործվել որպես զտիչ, որով անցնելով՝ երիտասարդները կվերաիմաստավորեն իրենց առօրեական աշխարհընկալումը և հասարակություն կվերադառնան քրեական ռոմանտիկայից, չակերտավոր, կեղծ տղամարդկային արժեհամակարգային մոլորություններից ձերբազատված:
«Սա բարդ և դժվար իրագործելի ծրագիր է: Նոր արժեհամակարգի անցման հիմքերը դրված են, որում հստակեցվեցին կարգապահական պատասխանատվության հարցերը, կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, օրինակ՝ 2012թ. ընդունվեց ԶՈՒ կարգապահական կանոնագիրք ՀՀ օրենքը, վերացվեցին կարգապահական մեկուսարանները՝ փոխարինվելով կարգապահական վաշտերով, որոնք, չնայած թերահավատ կարծիքներին, սահուն անցնում են կայացման փուլը, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում, որը բարեհաջող անցել է միջազգային փորձաքննությունը»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ այլընտրանքային ծառայության կազմակերպման ոլորտում ՊՆ դերակատարումը նվազագույնի է հասցվել, ուստի ՊՆ-ն մեծ վերապահումով կարելի է համարել դրա կիրառման վերաբերյալ հարցերի հասցեատեր: Օհանյանն ասաց, որ ստիպված է անդրադառնալ վերջին շրջանում լայն տարածում ստացած բավական արատավոր մի պրակտիկայի. խոսքը Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով հնչեցվող գնահատականների մասին է: Նախարարի խոսքով՝ հաճախ տեղի-անտեղի բարձրաձայնվում է ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության ուսուցման և դրանց գործնական կիրառման մեջ իբրև թե թերացման մասին, ընդ որում՝ այդ մասին խոսում են անխտիր բոլորը՝ թե՛ նրանք, ովքեր շատ լավ տեղյակ են կատարվող աշխատանքներին, բայց ավելի լավ վիճակ տեսնելու անկեղծ ցանկություն ունեն, կամ էլ՝ շահադիտական նկատառումներով ցանկանում են անընդհատ բարձրաձայնել խնդիրների վերաբերյալ, և թե՛ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են ինչ-որ բան ասել ոլորտի մասին, կայանալ քննադատության միջոցով և տեղեկատվության պակասի պատճառով ընտրում են այս ոլորտը՝ հույս ունենալով հաճոյանալ ոչ իրազեկ հասարակական զանգվածներին:
«Ինստիտուցիոնալ մակարդակի վրա է դրված թե՛ նախազորակոչիկների, թե՛ կուրսանտների, թե՛ պարզապես ժամկետայինների և թե՛ սպայական կազմի շրջանում մարդու իրավունքների ուսուցումը, պատրաստվել է թե՛ ուսումնական ձեռնարկ և թե՛ ուսումնական մեթոդիկա: Ինչ վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ապա ճիշտ կիրառման դեպքում դրանք ավելի քան բավարար են խնդիրներից խուսափելու համար»,- ասաց նա: Օհանյանը նշեց, որ բացի դասական՝ ըստ վերադասության բողոքարկման մեխանիզմից, գործում են նաև ներհամակարգային՝ թեժ գծի, նախարարի փոստի, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ՄԻՊ, ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության կամ իրավապահ մարմինների միջոցով իրավունքները երաշխավորելու բազում միջոցներ:










































