ՄԱԿ-ի Թմրանյութերի ու հանցավորության վարչությունը չորեքշաբթի իր դժգոհությունն է հայտնել՝ կապված Ուրուգվայում մարիխուանայի օրինականացման վերաբերյալ ընդունված օրենքի հետ՝ նշելով, որ այն հակասում է 1961-ի թմրանյութերի վերաբերյալ Միասնական կոնվենցիային, որը ստորագրել է նաև Ուրուգվայը:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի նման հայտարարությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ի մեկ այլ մարմին՝ Թմրանյութերի վերահսկողության միջազգային հանձնաժողովը, որը հանդիսանում է թմրանյութերի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների հիմնական պահապանը:
Ուրուգվայի ընդունած օրենքը նախատեսում է, որ երկրի բնակիչները կարող են աճեցնել մարիխուանան սահմանափակ քանակով՝ ինքնուրույն կամ էլ կանաբիսի սիրահարների ակումբներում, ինչպես նաև գնել այն դեղատներում՝ հատուկ քարտերով: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից այն հրապարակելուց հետո, իսկ մարիխուանայի օրինական վաճառքը պետք է սկսվի 2014-ի կեսերից՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:










































