«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Երևանի կառույցի ղեկավար, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը:
– Տիկին Գալստյան, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ ՄՄ մտնելու միանձնյա որոշումից հետո քաղաքական դաշտը, բացառությամբ մի քանի քաղաքական գործիչների, էլ ավելի ցույց տվեց իր սնանկությունը, փոխարենը քաղաքացիական դաշտում որոշակի ակտիվություն նկատվեց: Քաղաքացիական նախաձեռնություններն ավելի հստակ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցն են ձևակերպում: Կարո՞ղ ենք փաստել, որ քաղաքացիականն անցում է կատարում քաղաքականի:
– Տարողունակ հարցադրումներ են, բայցևայնպես պետք է փաստենք, որ սեպտեմբերի 3-ը պատահական չունեցանք, մենք այդ օրվան շատ երկար էինք «պատրաստվել». տևականորեն վարվող ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում մեր երկիրը կորցրել էր դիմադրողականությունը: Պատահական չհայտնվեցինք մի իրավիճակում, երբ մեզ համար որոշումներ ուրիշներն են ընդունում, և մենք այդ որոշումներին առանց դիմադրելու, ինքնամատույց հանձնվում ենք: Որոշումներ ընդունելու ընթացակարգից անդին անարժանապատիվ ու ողբերգական է, երբ մեզ համար ճակատագիր, հեռանկար, անհատի և պետության մակարդակով, ուրիշներն են կանխորոշում: Բայց էլ ավելի ողբերգական է այն, որ քո՝ ինքնիշխան երկրիդ քաղաքական իմունիտետն այնպիսին է, որ գրեթե այլընտրանք չի թողնվել: Եվ այս վիճակը մենք մեկ օրում չենք վաստակել. իշխանությունների հատկապես բարոյական լեգիտիմության խնդիրը կա, սեփական երկրում սոցիալական հենարան չունենալու, արտաքին քաղաքականության մեջ տարիներ շարունակ թույլ տված բացթողումների, աղքատացող, նոսրացող երկիր ունենալու, այս անհամախոհության փսոր մթնոլորտը, հուսահատության, անհեռանկարայնության, երկրի կառավարման գործընթացներից օտարացված քաղաքացու… այս ամենը կուտակվեց սեպտեմբերի 3-ում, և մենք, ցավոք սրտի, «վաստակել» էինք սեպտեմբերի 3-ը: Քաղաքացիականից քաղաքականի անցումը բնական է, օազիսները երևում են…
– Ի՞նչ պետք է անենք փոփոխելու համար. մենք տեսնում ենք ընդդիմադիր քաղաքական հատվածն այդպես էլ չհամախմբվեց, մի քանի քաղաքական գործիչներ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին, մյուսները քար լռություն պահպանեցին: Մենք տեսանք՝ ինչ կատարվեց Ուկրաինայում, որտեղ կար ընդդիմություն, որ ունի պայքարի վճռականություն:
– Որին «Բերկուտը» գիշերը ջախջախեց:
Մեր և Ուկրաինայի հասարակությունների, քաղաքական ուժերի հարաբերակցության միջև ընդհանրությունները շատ հարաբերական են… Տարբեր ռեսուրսների և շահերի միջավայրում ենք ապրում… Մեր պերմանենտ ընդվզումներից մաշված ու իշխանությունից խաբված-գնված ժողովուրդը, խոշոր հաշվով, պայքարելու ցանկություն կարծես չունի և հավատ չունի… Ցավոք, նաև Եվրոպայի մեղքն եմ տեսնում: Տարիներ շարունակ եվրոպական կառույցները գալիս էին Հայաստան, հետևում բարեփոխումների ընթացքին, մարդու իրավունքներին, ընտրական գործընթացներին և կրկնակի չափորոշիչներով աչքերը փակում էին կեղծված ընտրական պրոցեսներին, կիսատ ու անորոշ գնահատականներ տալիս՝ ամրացնելով իշխանության լեգիտիմությունը՝ հույսով, որ Հայաստանը մի օր իր կլուբի անդամ կդառնա… Այնինչ կարելի էր բավարար հետևողական լինել, կրկնակի ստանդարտներ չհանդուրժող… Եվ ամենակարևորը՝ երբեք Արցախի խնդրով երաշխիքներ չտրվեցին, նույնիսկ Կոսովոյի նախադեպից հետո…
– Շա՞տ էր վստահում Սերժ Սարգսյանին, նրա թիմին, վստահելի գործընկե՞ր էր համարում:
– Միգուցե նաև Եվրոպայի հետաքրքրությունների գոտում չէինք, բայց ես ավելի շատ պետք է գերադասեի, որ մենք մեր խնդիրները մեզնով պայմանավորեինք և մեր բոլոր ձախողումներում մեղքը մեր մեջ տեսնեինք: Մենք ինքներս մեզ ենք պարտվել, և բացարձակապես անշնորհակալ գործ է Եվրոպայում կամ Ռուսաստանում մեղավորներ փնտրելը: Մենք խրոնիկ ամեն երևույթի մեջ բոլորի մեղավորություն տեսնում ենք, բացի մեր մեջ: Թափանցիկ, մաղի պես մի երկիր ենք դարձել, որտեղ ջուրը լցնում ես, տակով հոսում-գնում է… Ներքին պաշտպանողական որևէ պատնեշ չունի… Հաճախ զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում օլիգարխիան այնքան ամենաթող և ամենազոր դառնալ, որ նույնիսկ արտաքին քաղաքականության վեկտորների վրա է ազդում` բոլոր շահերը կենտրոնացնելով անձնական բիզնեսի, բարեկեցության, անձնական շահի միջավայրում… Հայաստանը ղեկավարվում և կառավարվում է արևելյան տիպի կլանային երկրի փիլիսոփայությամբ: Ինչ-որ առումով դա մեր ողբերգությունն է, երբ մեր՝ ըստ էության հարյուրավոր տարիներ չունեցած հաղթանակն այսօր շատերի համար լուծ է դարձել, մենք այդ հաղթանակը արժևորելու ո՛չ իմաստնություն և ո՛չ էլ կամք ունեցանք: Մենք մեզ այլընտրանք չթողեցինք: Ինձ ավելի շատ վիրավորում է այլընտրանք չունենալու ստորաքարշությունը և անարժանապատվությունը, պետական մակարդակի եղկելի, ինքնամատույց քծնանքը:
– Իսկ ինչո՞ւ իշխանության այլընտրանք չունենք:
– Որովհետև անկախության այս 23 տարիներին մեզ չհաջողվեց քաղաքական կայացած ինստիտուտներ կառուցել, կամ փորձեցինք ու ջախջախեցինք… Ունենք ԱԺ, որը լեգիտիմ չէ` այն իմաստով, որ մեր հանրային նկրտումների քարտեզը չի ներկայացնում: Ունենք դատաիրավական համակարգ, որի հանդեպ խորը անվստահություն կա, մեզ երբեք չի հաջողվել արդար ընտրությամբ իշխանություն ձևավորել: Մյուս կողմից` այս իշխանություններն ամեն ինչ արեցին քաղաքական դաշտը սնանկացնելու, առնելու, ծախելու, արժեզրկելու համար, ու փոխադարձ արժեզրկումների և ինստիտուտների ոչնչացման համատեքստում առհասարակ խոցելի ենք բոլորս: Օրենքները չեն աշխատում, երկրում մի փոքր խմբակ վեր է օրենքից ու բարոյականությունից… Երբ քաղաքացուց օտարում ենք ամեն ինչ՝ իրավունքից մինչև հոգևոր տարածքներ, իրեն այլևս միևնույն է Մարտունիում, թե Տվերում կապրի:
– Ելքը ո՞րն է՝ համակարգափոխությունը, իշխանափոխությո՞ւնը, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահա՞նջը:
– Նախ ունենալ այն սոցիալական հենարանը, որը կրիտիկական կլինի փոփոխություններ պահանջելու իր համառության մեջ: Այսօր ժողովրդի հայացքը ոչ թե երկիրը փոխելուն է ուղղված, այլ Հայաստանից գնալուն: Քաղաքական կուսակցությունները՝ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր, տևականորեն առուծախի վարքագծի մեջ էին, և Հայաստանում 23 տարվա մեջ մենք քաղաքական սերնդափոխություն չունեցանք, և նույնիսկ ամենաբացառիկ ճշմարտությունները հին շուրթերով այլևս հավատարժան չեն: Մեր ընդդիմադիր դաշտի միավորվելու խրոնիկական անունակությունը. նույնիսկ երբ հայտարարում ենք, թե բարձրագույն արժեքը իբրև թե պետական շահն է, միևնույն է՝ կամք չունենք… Նեղ շահերն ու ամբիցիաները առավել են, մենք էգոցենտրիկ, չմիավորվող տեսակ ենք: Իշխանությունն էլ դավադրությունների ու զեղծարարության մի համակարգ է ստեղծել` վիրտուոզ ընտրակեղծիքներով…. մենք իրար արժանի ենք:










































