Սիրիայում կռվող Անտվերպենի բնակիչ Բրայան դե Մյուլդերը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել՝ Բելգիայում ահաբեկչության իրականացման սպառնալիքով: Տեսագրությունն ավելի ուշ ջնջվել է: Այս մասին հայտնում է Interfax-ը:
20-ամյա անտվերպենցին ուղղակիորեն սպառնում է Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմին և հայտնի հոլանդացի հակաիսլամիստ պատգամավոր Գերտ Վիլդերսին: «Դե, Կրե՛մ և Վիլդե՛րս, դավաճանները կընկնեն, զգուշացե՛ք ականապատված ավտոմեքենաներից»,- հայտարարել է դե Մյուլդերը:
Նա բելգիացիներին կոչ է անում զենք վերցնել և Սիրիա ուղևորվել՝ կռվելու, իսկ Բելգիայում, նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարիաթ հաստատել: Նրա սպառնալիքն իշխանությունների կողմից լրջորեն է ընդունվել: Տեսագրությունը ներկայում ուսումնասիրվում է հատուկ ծառայությունների կողմից:
Երիտասարդն այս տարվա հունվարին Սիրիա էր ուղևորվել, որտեղ մտել էր «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ջոկատ: Ներկայում նա գտնվում է Հալեպում:










































