«Հանրապետական կուսակցությունը ներկա պահին զոռով է պահում ՀՀԿ խմբակցությունը, և եթե մի քիչ ազատություն տրվի, ապա ոչ միայն խմբակցությունը, այլև կուսակցությունը ծվեն-ծվեն կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը լքող պատգամավորներին։
Նրա խոսքով՝ վերջին օրերի զարգացումների լույսի ներքո տեսանելի է մեկ բան, որ քանի որ կառավարության ծրագրի հաստատումը, կառավարության ծրագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը համաձայնելը գտնվում է ՀՀԿ խմբակցության ձեռքում, Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց՝ սարսափեցրեց ՀՀԿ-ականներին, մի քանի հոգի ձերբակալվեցին, քաղաքապետ ձերբակալվեց, օլիգարխների բիզնեսները ստուգվեցին, որը նպատակ ուներ ՀՀԿ-ին հասկացնել, որ եթե իրենք չհամաձայնեն քաղաքական պայմանավորվածության շրջանակներում արտահերթ ընտրությունների գաղափարին մեկ տարվա ընթացքում, ապա դրա գինը կլինի Հանրապետական կուսակցության և խմբակցության փլուզումը, որի նշանները արդեն կան։
«Այս կտրվածքով ես կարծում եմ, որ պետք է սպասել մինչև կառավարության ծրագրի հաստատումը, քանի որ երկու պատգամավոր է պակասում, որպեսզի ՀՀԿ-ն վերածվի փոքրամասնության։ Եթե ՀՀԿ-ն չհաստատի կառավարության ծրագիրը, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջորդ քայլը կլինի այն, որ տրոհի ՀՀԿ-ն, որի արդյունքում արդեն երկրորդ քվեարկության ժամանակ կհաստատվի կառավարության ծրագիրը։ Սատանան թաքնված է այն դրույթի տակ, որ մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Մնացած զարգացումները ուղղակի կապված են այս դրույթի շուրջ դեռևս բացակայող համաձայնության հետ։ Երբ որ այդ համաձայնությունը տրվի՝ ի դեմս ՀՀԿ-ի, այդ դեպքում ՀՀԿ-ն կկարողանա պահպանել իր ամբողջականությունը խորհրդարանում։ Իսկ եթե չտրվի այդ համաձայնությունը, ապա ՀՀԿ-ի տված ճաքերը կխորանան»,- ընդգծեց քաղաքագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































