Գծատերերը Երևանում հերթական անգամ հանդես են եկել ասուլիսով և սպառնացել են հասարակությանը՝ հայտարարելով, որ ներկա պայմաններում տրանսպորտը շահագործելու դեպքում մարդկանց կյանքի համար վտանգը 50/50 է: Որևէ նորմալ երկրում նման հայտարարությունը կդառնար համընդհանուր սկանդալի առիթ, քանի որ խոսքը վերաբերում է մայրաքաղաքային տրանսպորտին: Ընդ որում, արդեն որերորդ անգամ, ըստ էության, հայտարարվում է, որ այդ տրանսպորտը սպառնում է մարդկանց կյանքին: Նման հայտարարություններով գծատերերը փորձում են հիմնավորել տրանսպորտի թանկացման հայտը, որ ներկայացնում են քաղաքապետարան: Եվ այս ամենից հետո համապատասխան որևէ մարմին չի հետաքրքրվում այս հայտարարությամբ:
Առաջինը պետք է հետաքրքրվեր դատախազությունը, և անմիջապես պետք է հանձնարարվեր ոստիկանությանը քննություն սկսել՝ պարզելու համար, թե ինչքանով է ներկայացվող վտանգը իրական: Հաջորդը պետք է արձագանքեր քաղաքապետարան կոչվող կառույցը և հայտարարեր, որ եթե գծատերերը չեն երաշխավորում մարդկանց անվտանգությունը, ուրեմն զրկվում են արտոնագրերից, գծերն անցնում են քաղաքապետարանի ենթակայության տակ, և քաղաքապետարանն ինքն է պատասխանատվություն ստանձնում քաղաքացիների տեղափոխման համար: Սակայն քաղաքապետարանը նման կերպ չի արձագանքում, որովհետև գծատերերը հենց քաղաքապետարանի չինովնիկներն են, նրանց կուսակցական բոսերը և ընկերները, նրանց հարազատներն ու բարեկամները: Ինչպես վերցնեն այդ մարդկանց բիզնեսները:
Եվ այստեղ, ուրեմն, ակնհայտ է դառնում երկու բան՝ կա՛մ քաղաքապետարանում թքած ունեն մարդկանց կյանքի վրա և սպասում են, որ առաջին աղետը լինի, որպեսզի իրականացնեն գերշահույթներ ապահովելու իրենց վաղեմի ցանկությունն ու թանկացնեն տրանսպորտը, կա՛մ իրականում ոչ մի սպառնալիք էլ չկա, և քաղաքապետարանում վստահ են, որ գծատերերն ուղղակիորեն փորձում են հասարակությանը շանտաժի ու սպառնալիքի ենթարկել: Այսինքն, իշխանություններն ուզում են հասարակությունից այնպես կորզել տրանսպորտի թանկացումը, ինչպես որ Ռուսաստան էր կորզում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ շանտաժների ու սպառնալիքների միջոցով: Ինչպես ասում են, «աչքը տեսածից է սովորում» կամ «նմանը նմանին է գտնում»:
Հայաստանի իշխանությունները գիտեն միայն մեկ լեզու՝ շանտաժն և սպառնալիքը: Նրանք կա՛մ խոսում են այդ լեզվով, կա՛մ տեղի տալիս այդ լեզվին: Այլ լեզու նրանք չգիտեն, ինչի արդյունքում էլ հաղթանակով սկսված պետականությունն իր երրորդ տասնամյակ է մտել ակնհայտ պարտություններով:
Երևանի տրանսպորտային խնդիրը հատկանշական է ոչ միայն զուտ որպես քաղաքային կարևորագույն ենթակառուցվածքի խնդիր, այլ նաև առաջին հերթին հենց այս տեսանկյունից՝ պետականության ընթացքի կոնտեքստում: Այսինքն, Հայաստանի պետականության ընթացքում էլ անընդհատ ստիպել են քաղաքացիներին ավելի ու ավելի թանկ վճարել դրա համար, սակայն ոչ միայն չեն բարձրացրել ծառայությունների որակը, այլ ավելի ու ավելի են գցել այն:
Որակական աճ արձանագրել են միայն կեղծիքները, անօրինականությունները, դրանց իրականացման և պահպանման մեխանիզմները: Այդ ամենի արդյունքում է, որ երկիրը զոհ է դարձել արտաքին և ներքին շանտաժներին ու սպառնալիքներին:










































