Թուրքիայում մեկնարկած նախընտրական քարոզարշավի 35 օրվա ընթացքում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության քարոզչությունն անող 136 մարդ, գրում է demokrathaber.org կայքը։
Նշվում է, որ ապրիլի 28-ից հունիսի 3-ը ձերբակալված 136 քրդամետ կուսակցականներից 11-ը կալանավորվել են։
Բացի այդ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում 12 հարձակում է իրականացվել քարոզչություն իրականացնող անձանց և կուսակցության գրասենյակների վրա։ Հարձակումների 10 դեպքերից 6-ը գրանցվել է Ստամբուլում, 2-ական հարձակում տեղի է ունեցել Իզմիրում և Անթալիայում, և 1-ական՝ Հաթայում և Էդիրնեում։
Հայտնի է նաև, որ Սիիրթում (Սղերդ) Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սեզաի Թեմելլիի այցի ժամանակ նրա ավտոշարասյանը միացած վարորդները բոլորն անխտիր պետական տույժի են ենթարկվել։
Հիշեցնենք, որ ընտրություններում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ․-ի նոյեմբերից գտնվում է բանտում։ Նրա փաստաբանները պահանջ են ներկայացրել դատարան՝ նախընտրական քարոզարշավը հավասար պայմաններում իրականացնելու համար Դեմիրթաշին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ, սակայն՝ ապարդյուն։
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին։









































