«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սկսել քաղաքական համախմբման գործընթաց։ «Հարաճուն սպառնալիքներին արդյունավետ դիմակայությունը պահանջում է քաղաքական դաշտի համախմբում՝ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ թե՛ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները և թե նոր ձևավորվելիք խորհրդարանում…Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցկացնել համապատասխան խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Որպես առաջին քայլ՝ պարոն Փաշինյանին հրավիրում ենք հանդիպման «Ժառանգության» վարչության հետ՝ այս հարցը քննարկելու և հնարավոր համագործակցության եզրերը նախանշելու նպատակով»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Ժառանգություն» կուսակցությունն, ըստ էության, զարգացրել է իր փաստացի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «մեկ ցուցակի» գաղափարը:
Այս առաջարկն էությամբ հակաքաղաքական է ու թերևս դրան անդրադառնալու անհրաժեշտություն չլիներ, եթե քաղաքական ուժերի միասնության կեղծ թեզը պարբերաբար չդառնար քաղաքական դիսկուրսի թեմա:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների քսանամյակի ընթացքում ընդդիմության կոնսոլիդացիայի հիմնական մոտիվ էր համարվում ընտրական կեղծարարությունների դեմն առնելու անհրաժեշտությունը: Միասնական ընդդիմության գաղափարը, սակայն, այդպես էլ չկարողացավ կանխել իշխանության վերարտադրության որևէ փորձ, փոխարենը` իշխանությունների ձեռքին դարձավ քարոզչական հաղթաթուղթ, որի միջոցով նրանք հասարակության մոտ սերմանում էին ապատիկ տրամադրություններ, որովհետև ընտրական յուրաքանչյուր ցիկլի ժամանակ գտնվում էին գոնե մեկ` քիչ թե շատ ազդեցիկ, կուսակցություն կամ առաջնորդ, որոնք գործում էին, այսպես կոչված, ավտոնոմ ռեժիմով` չինտեգրվելով տվյալ պահի մագիստրալ ընդդիմությանը: Անցած քսան տարիներին մեր ընդդիմադիր առաջնորդները չգիտակցեցին, որ խնդիրը ոչ թե մեխանիկական միավորումն է, այլ` կենսունակ այլընտրանքի ձևավորումը:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր հեղափոխությունը սկսեց միայնակ` քայլերթով, և ողջ գործընթացի ժամանակ շեշտը դրեց ոչ թե կուսակցությունների արհեստական համախմբման, այլ` հասարակությանը կոնսոլիդացնելու վրա:
Գուցե մեր ընդդիմադիրների համար դժվար է խոստովանելը, սակայն իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը հաղթեց ոչ միայն իշխանությանն ու ՀՀԿ-ին, այլ նաև` ընդդիմությանն` իր բազմաթիվ բեկորներով:
Հիմա «Ժառանգությունը» Նիկոլ Փաշինյանին առաջարկում է խորհրդարանական ընտրություններում կազմել հեղափոխության կամ համաժողովրդական միասնական ցուցակ: «Միասնական ցուցակ», «ազգային համաձայնության կառավարություն» կլիշեները սովորաբար օգտագործվում են ավտորիտար իշխանությունների կողմից և կարծում ենք` դրանք այնքան էլ ադեկվատ չէ օգտագործել նոր Հայաստանում:
Թավշյա հեղափոխությունը դեմոկրատիայի հաղթանակն է, ինչի շնորհիվ վերականգնվել են ընտրական և քաղաքական ինստիտուտները: Յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն է ստացել` իր ծրագրով ու թիմով, անկաշկանդ ներկայանալ հասարակությանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ թերևս առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել` անցկացնել իսկապես մրցակցային ընտրություններ, որոնց ժամանակ որոշիչ են լինելու ոչ թե փողն ու վարչական ռեսուրսը, այլ` քաղաքական տեքստերն ու ծրագրերը: Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ ձևավորվեր քաղաքական տրամագծորեն հակառակ կոնսենսուսը` կուսակցություններն ընտրություններին մասնակցեին առանձին-առանձին և դաշինքներ կամ կոալիցիաներ ձևավորվեին հետընտրական փուլում` էլեկտորալ կողմնորոշումների հստակեցումից հետո:
Ի վերջո, չմոռանանք շատ կարևոր հանգամանք, որը արհեստական է դարձնում, այսպես կոչված, միասնական ցուցակի կազմավորումը: Նույն «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ու «Ժառանգության» ամենամեծ օգնությունը քաղաքական գործընթացին կլիներ այն, որ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ իր բոլոր համաձայնությունների հետ մեկտեղ` կարողանար գտնել այն պատուհանը, այն հարթակը, որն իրեն կենսունակ, մրցունակ կդարձներ գոնե արտաքին քաղաքականության հարցերում:
Եթե Նիկոլ Փաշինյանի և մյուս ընդդիմադիր ուժերի միջև անհաղթահարելի քաղաքական, գաղափարական հակասություններ չլինեին արտաքին քաղաքականության, «Սասնա ծռերի» և պայքարի մեթոդների հետ կապված հարցերում, համախմբումը տեղի կունենար մինչև հեղափոխությունը: Դրա հաղթանակից հետո` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, միասնական ցուցակը կարող է ապականել քաղաքական դաշտը` դրա բազմազանությունը, դեմոկրատական հակակշռի ստեղծումն ապահովելու փոխարեն: Ի վերջո, դեմոկրատական հասարակություններում քաղաքական անհամաձայնությունը հանգեցնում է ոչ թե անտագոնիղմի անտագոնիզմի, այլ ընդդիմության ձևավորման` բառի ամենադրական, պոզիտիվ իմաստով: Յուրաքանչյուր հեղափոխություն կարող է վերածվել դիկտատուրայի, եթե չի ունենում դեմոկրատական հակակշիռ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունեն երկու կարևոր առաքելություն` հեղափոխության քաղաքական ինստիտուցիոնալիզմը և դեմոկրատական հակակշիռների ստեղծումը, իսկ դա ընտրական գործընթացում անհրաժեշտ է դարձնում մրցակցության բաղադրիչը:
Սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են, որոնց անտեսումը հանգեցնում է հեղափոխության հաշվին մանդատների պոկելու դիտավորության, հեղափոխության յուրացման գայթակղության:







































