Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ռեժիմի փոփոխությունը չի հանգեցրել արտաքին քաղաքական գերակայությունների վերանայման, համենայնդեպս առայժմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գործընթացում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու. Հայաստանը շարունակելու է աշխատանքը՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորություն է տրվել Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Եվրամիության, ԱՄՆ–ի հետ համագործակցությանը: Այսպիսով, արտաքին քաղաքականության վեկտորը մնում է նույնը, ինչն առկա էր մինչ թավշյա հեղափոխությունը:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուղղությամբ աչքի չի ընկել ակտիվությամբ՝ չնայած այն փաստին, որ հայերը Մերձավոր Արևելքի խճանկարի կարևոր բաղկացուցիչն են եղել: Արդյոք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանի նոր իշխանություններն ակտիվացնեն տվյալ վեկտորը՝ ավելի հստակ ձևակերպելով երկրի շահերն ու հետաքրքրությունները: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր քննարկել ենք Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
Մեր զրուցակիցը փաստեց, որ այս ընթացքում Հայաստանի նոր վարչակարգի ներկայացուցիչները Մերձավոր Արևելքի մասին չեն խոսել՝ չնայած կարևորել են համագործակցությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ: «Կարծում եմ այդ բացը կլրացվի և, այնուամենայնիվ, կգիտակցվի մերձավոր արևելյան ուղղության նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության մեջ: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքի քաղաքականությունը երբեք էլ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերություններից չի եղել՝ չնայած պիտի նկատի ունենանք, որ ՀՀ-ն աշխահագրորեն գտնվելով Հարավային Կովկասում քաղաքակրթական առումոբ պատկանում է Մերձավոր Արևելքին, կարելի է ասել, որ մենք Մեծ Մերձավոր Արևելքի մի հատվածն ենք, և որքան էլ Մերձավոր Արևելքի դեպքերը մեզ հեռու են թվում, իրականում շատ մոտիկ են: Եվ իսկապես մենք շահեր ու հետաքրքրություններ ունենք այս տարածաշրջանում, ունենք հայ համայնքներ…»,-ասաց նա:
Փաշայանը նաև շեշտեց, որ հետայսու պետք է նոր մոտեցումներ լինեն նաև տարածաշրջանի հայ համայնքների նկատմամբ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի հայ համայնքները գիտակցեն, որ իրենց հայրենիքը իսկապես զարգացող և ժողովրդավար մի պետություն է, որտեղ ընտրությունները չեն կեղծվում: «Նախկինում տեղի ունեցած Հայաստան-սփյուռք գիտաժողովները, որոնք ըստ էության ցուցադրական նշանակություն ունեին համայկան նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գրեթե ոչինչ չեն տվել: Եթե այդպիսի մեծ ծախսեր ենք անում, հրավիրում ենք մարդկանց, պետք է կարողանանք մեր խնդիրները ձևակերպել, համայնքները պիտի հասկանան՝ ինչ խնդիրներ են իրենց առջև դրված»,-հավելեց Փաշայանը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական բացերից է Իսրայելի հետ սերտ հարաբերություններ չունենալ: «Երկար տարիներ, ըստ ամենայնի, Հայաստանը մտավախություն ունենալով, որ Իսրայելի հետ համագործակցությունը կարող է վնասել Իրանի շահերը, խուսափել է այդ համագործակցությունից, ինչը կարծում եմ սխալ է եղել»,-փաստեց Փաշայանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































