Դեկտեմբերի 8-ին Լոնդոնում անցկացվել է Բրիտանական անկախ կինոմրցանակի հանձնման ամենամյա 16-րդ արարողությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
BIFA-ի երեկոյի իսկական հաղթող է դարձել ռեժիսոր Շոն Էլիսը, ում «Մետրո «Մանիլա»» (Metro Manila) ֆիլմը մրցանակների է արժանացել «Լավագույն արտադրություն», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն բրիտանական անկախ ֆիլմ» անվանակարգերում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լինդսի Դունկանը, որը գերազանցել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Սկարլետ Յոհանսոնն ու Ջուդի Դենչը: Լավագույն դերասան է ճանաչվել շոտլանդացի Ջեյմս Մաքեվոյը, որը հետևում է թողել Թոմ Հարդիին, Ստիվ Կուգանին և Ջեք Օ՝Քոննելին:







































