Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, նախագահամետ «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդներից մեկը՝ Օլեգ Ցարևը, խնդրում է երկրի պետանվտանգության ծառայությանը սև ցուցակում ընդգրկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, մի շարք այլ վրացի և օտարերկրացի քաղաքական ու հասարակական գործիչների: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Պետանվտանգության ծառայության նախագահ Ալեքսանդր Յակիմենկոյին հասցեագրած նամակում նա գրել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հակաօրինական գործողությունների կոչերի տարածումը և կառավարական շենքերի գրոհումը կրում են ծրագրված բնույթ: Նման տեղեկատվական արշավների ու զանգվածային գործողությունների կազմակերպումը պահանջում է համապատասխան պրոֆիլի մասնագետների մասնակցություն՝ կարծում է նա:
Ցարևի խոսքով՝ ուկրաինական ընդդիմության հետ խորհրդատվական աշխատանքի շրջանակում այդ մարդիկ ստանում են այլ երկրների քաղաքական շահերն իրականացնելու հնարավորություն: Այդ առնչությամբ նա խնդրել է քննել Ուկրաինա մուտքի արգելքի հարցը հետևյալ մարդկանց նկատմամբ՝
1. Ալեքսեյ Սիտնիկով. ՌԴ
2. Ստանիսլավ Բոլկոնսկիյ. ՌԴ
3. Ֆինկ Բրոյն. ԱՄՆ
4. Տիմոֆեյ Սերգիյցա. ՌԴ
5. Միրոն Վասիլիկ. ԱՄՆ
6. Նիկոլայ Գաստելլո. ՌԴ
7. Գլեբ Պավլովսկիյ. ՌԴ
8. Եվգենի Մինչենկո. ՌԴ
9. Կուզյո Տարաս. Մեծ Բրիտանիա
10. Անդրեաս Ումլանդ. Գերմանիա
11. Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստան
12. Գեորգի Ալասանիա. Վրաստան
13. Լևան Վարշալամիձե. Վրաստան
14. Գեորգի Թարգամաձե. Վրաստան
15. Լևան Չիկվաիձե. Վրաստան
Նամակը հրապարակել է գերմանացի վերլուծաբան Անդրեաս Ումլանդն իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ մարդկանց ցուցակի միայն մի մասն է, որոնց Ցարևը չի ցանկանում Ուկրաինա թողնել: Նամակի երկրորդ մասը, որն ավելի շատ վրացական ու սերբական անուններ է պարունակում, Ուլանդի խոսքով՝ ինքը չի պահպանել:











































