Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարելի է համարյա փաստ համարել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Կարևորագույն պահն այն է, որ մրցակցության սրված վիճակ է ստեղծվել և Հայաստանի համար պայքարն ուժեղացրել է: Համապատասխանաբար, իրենց գործողություններն ուժեղացրել են և Արևմուտքը և Ռուսաստանը: Հայաստանը թատերաբեմում չկար, սակայն ուժերի հարաբերակցության պայմաններում Հայաստանը կարող է ասպարեզ դուրս գալ: Ստեղծված իրավիճակում գործոն է դառնում նաև Իրանը, որը գազի ցածր սակագնի առաջարկ է անում ուղիղ Հայաստանին»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանը պետք է առավելագույն անկախ դիրքորոշում ընտրի, քանի որ անտրամաբանական է հույսը դնել այս կամ այն գերտերության կամ կառույցի վրա:
Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանին ձեռնտու չէ լինել ո՛չ ԵՄ-ի, ոչ էլ ՄՄ-ի կազմում: «Պարզապես պետք է սովորական հարաբերություններ ունենալ Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Երկու կողմերն էլ աշխատում են ազդեցության ագենտուրայի հետ: Սակայն ունենք այն, ինչ ունենք: ՀՀ իշխանությունները մանիպուլյացիոն ամենասարսափելի ազդեցության տակ են: Նրանք բացարձակ մաֆիոզ վիճակում են: Քաղաքական առանձին ուժեր ստեղծված իրավիճակում ավելի զգուշավոր են և միանգամից այս կամ այն կողմը չեն նետվում»,- նշեց նա:
Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանի համար պատերազմը մինչև սեպտեմբերի 3-ն էր: «Արևմուտքը գարնանից սկսած ընդգծված քայլեր ցուցադրեց այդ ուղղությամբ: Ռուսաստանը արջի նման բնում քնած էր, իսկ ամերիկացիները փայտը ձեռքներին փորփրեցին արջի բույնը: Այնքան նրան խփեցին, որ արթնացավ, ու հենց այստեղ էլ Արևմուտքը պարտվեց: Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, նա ուղղորդվում է դրսից եկած ազդանշաններով, ասում են՝ սա արա, անում է, մի՛ արա, չի անում:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամի համոզմամբ՝ իրենց ազգային ուժեր հռչակածները վերջին տասնամյակում ամենամեծ վնասն են հասցրել Հայաստանի Հանրապետությանը: «Այս պահին միակ դրականն այն է, որ իրապես ազգային ուժերը հնարավորություն են ստացել դրսևորվել»:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` առաջիկայում Հայաստան կատարելիք հնարավոր այցին` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ նոր Թուրքիան իր բազմազանության մեջ շատ հետաքրքրիր է հայ ժողովրդի համար: «Սակայն պետք է նշել, որ այդ երկիրը միշտ էլ մանիպուլյատիվ քաղաքականություն է վարել»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































