ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ԵվրոՀՀՊ-ի ստեղծումից՝ չնայած Իրանի միջուկային ծրագրի ճակատագրի վերաբերյալ բանակցություններում տեղի ունեցած բեկմանը: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդհանրապես կասկած է հայտնել իրանական խնդրի վերջնական լուծման հնարավորության վերաբերյալ: Այն մասին, որ ԱՄՆ-ը կշարունակի ԵվրոՀՀՊ համակարգի տեղակայումը, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Լորա Լուկասը: «Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության հարցում մեր պլանները մնում են անփոփոխ»,- ասել է նա: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, կմասնակցի պաշտպանության միջոցների փուլային տեղակայմանը և դա համարում է իր ներդրումը ՆԱՏՕ-ի ընդհանուր ծրագրում: Այս մասին գրում է Kommersant-ը:
Եվրոպական ՀՀՊ համակարգի ստեղծումից հրաժարվելու առաջարկով վերջերս հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հիմնավորելով համակարգի տեղակայման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հղում են արել իրանական միջուկային սպառնալիքին: Նախարարի կարծիքով՝ այդ փաստարկն այլևս համոզիչ չէ: Լավրովն այդ մասին հայտարարել էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Նոյեմբերին Իրանի իշխանությունները համաձայնել էին 6 ամսով սառեցնել միջուկային ծրագիրը, դադարեցնել ուրանի հարստացման ձեռնարկությունների աշխատանքն ու թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը առանցքային օբյեկտներ:
Փակ ճեպազրույցի ժամանակ Պետդեպի պաշտոնյան ասել է, որ պետքարտուղար Ջոն Քերին մի քանի անգամ կրկնել է, որ այդ համակարգը կծառայի ոչ միայն Իրանի միջուկային ծրագրից պաշտպանությանը, այլև բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարձակումների կանխմանը:
Ավելին՝ շաբաթ օրը Օբաման խոստովանել է, որ դեռևս վստահ չէ իրանական միջուկային խնդրի վերջնական լուծման հնարավորության հարցում: «Իմ գնահատականով՝ հավանականությունն առ այն, որ Իրանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները, 50/50 է»,- հայտարարել էր նա Բրուքինգսի վաշինգտոնյան ինստիտուտում:








































