Անկախության հրապարակում շարունակվում է «Եվրոմայդան» բողոքի ակցիան: Մեկ գիշերվա ընթացքում Կիևի կենտրոնում նոր պատնեշներ են կանգնեցվել և մի քանի վրաններ խփվել:
Անկախության հրապարակում մոտ 1500 ցուցարար է գտնվում: Նրանք տաքանում են խարույկների առաջ: Լուսաբացին կառավարության շենքին են մոտեցել մոտ հարյուր ցուցարարներ՝ փոխարինելու նրանց, ովքեր ողջ գիշեր այդտեղ են անցկացրել: Նրանք իրենց հետ ունեին մետաղե վահաններ՝ պատնեշներն ամրացնելու համար:
Նախագահական թաղամասը երեկվանից շրջափակել է ոստիկանությունը: Ընդդիմությունը որոշել է թույլ տալ պաշտոնյաներին մտնել Կիևի կառավարական թաղամաս: «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իրենք պետական ծառայողներին թույլ կտան այդ տարածք մտնել, սակայն միայն ոտքով:
Անկախության հրապարակում ցուցարարներին աջակցել է նաև Վիտալի Կլիչկոն:
Ուկրաինայի ընդդիմությունը մարդկանց կոչ է անում չհեռանալ:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է երկրում իշխանությունը գրավելու հետ կապված գործողությունների հետաքննության մեկնարկի մասին:
Քրեական գործ է հարուցվել նաև կիրակի օրը Կիևից Լենինի արձանը հեռացնելու հետ կապված՝ «զանգվածային անկարգություններ» հոդվածով:










































