Ուկրաինացի լրագրողը անսպասելիորեն մասնակցել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի ուղիղ եթերին՝ Կիևի Անկախության մայդանից, որտեղ դեկտեմբերի 8-ի երեկոյան տեղի էր ունենում զանգվածային բողոքի ցույց: Միջադեպի մասին գրել է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:
Վիտալի Սեդյուկը դիմել է ռուս թղթակից Արտյոմ Կոլին, որպեսզի նրան հանձնի «Ռոսիա-24»-ի և համառուսական պետական հեռուստաալիքի աշխատակից Դմիտրի Կիսելևի համար նախատեսված «Օսկար»-ի փոքրիկ արձանիկ: Սեդյուկի խոսքերով՝ նրանք արժանացել են այդ մրցանակին «ուղիղ եթերում ստելու համար»:
«Մենք սիրում ենք ռուսներին, սակայն այն բանից հետո, թե ինչպես եք դուք լուսաբանում…»,- ասել է նա՝ չավարտելով միտքը, քանի որ նրան կադրից հեռացրել են:
Ռուս թղթակիցը ավելի ուշ ասել է, որ իր համար «բավականին դժվար է աշխատել ուղիղ եթերում», և որ ինքը ընդունել է արձանիկը և շնորհակալություն հայտնել Սեդյուկին:








































