Սիրիայի ընդդիմությունը՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան, «Ժնև-2» խաղաղ բանակցություններին մասնակցելու վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի կեսին: Այս մասին դեկտեմբերի 8-ին Դոհայում հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Ջորջ Սաբրան:
«Վերջնական որոշում կկայացվի Ստամբուլում դեկտեմբերի կեսին ընդդիմության հետ հանդիպումից հետո»,- AFP-ն մեջբերում է ընդդիմության ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ կոալիցիան սկզբունքային համաձայնություն էր տվել մասնակցել բանակցությունների, ընդ որում՝ որպես պահանջ առաջադրելով «իշխանության ամբողջական փոխանցումը»:
Ընդդիմադիրները նույնպես պահանջում էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա համախոհները «ոչ մի դեր չխաղան ապագա Սիրիայում անցումային բանակցային գործընթացներում»:











































