Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Բակուր Ավետիկյանի գործի դատավարությունը:
Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Բակուր Ավետիկյանն աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ:
Ըստ դատական ակտի՝ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Բակուր Ավետիկյանը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել ու ստացել է կաշառք, ապա նորից է պահանջել կաշառք, որից հետո դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված գործողություններ, որոնք էական վնաս են պատճառել անձի ու պետության շահերին:
Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ու նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով և 311 հոդվածի 2-րդ մասով:
Հաստատված է գնահատվել, որ 2013 թվականի մայիսի 16-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում ավագ տեսուչ, 39-ամյա Բակուր Ավետիկյանն անցել է Շիրակի փողոցով և նկատել, որ տներից մեկի սեփականատերը ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Ոստիկանը հետաքրքրվել ու անմիջապես պարզել է, որ շինարարական աշխատանքները կատարվում են առանց օրինական թույլտվության:
Վարչական իրավախախտման փաստը չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար ավագ տեսուչը տանտիրոջից պահանջել է կաշառք՝ հյուրասիրության ձևով: Նույն օրը ժամը 15-ից մինչև 17-ն անց 30 րոպեն Շիրակի փողոցում գործող «Լուսինե և Էրիկ» ՍՊԸ-ին պատկանող գարեջրատանը ոստիկանության ավագ տեսուչի համար կազմակերպվել է 30 հազար դրամի հյուրասիրություն: Ավետիկյանը ստացել է իր պահանջած կաշառատեսակը:
Սակայն դրանով չի բավարարվել: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում արդեն իր աշխատասենյակում նա նույն քաղաքացուց, նույն հարցի համար պահանջել է դրամական տեսքով կաշառք ևս՝ 100 հազար դրամի չափով:
Քաղաքացին ընդդիմացել է, սկսել է վիճաբանել ավագ տեսուչի հետ: Վիճաբանությունը բաժանմունքի միջանցքում վերածվել է քաշքշուկի և փոխադարձ հայհոյանքների, որի ընթացքում ոստիկանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ՝ ձեռնաշղթաներով կապել է նրա ձեռքերը, իսկ իր «ազատ» ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել շղթայված մարդու մարմնի տարբեր մասերին:
Կատարվածի արդյունքում քաղաքացին ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ոտնահարվել են նրա իրավունքներն ու ազատությունները:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Ավետիկյանն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:
Դատարանը մեղավոր է ճանաչել Բակուր Ավետիկյանին, վերջին հաշվով դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից նրան զրկել է 2 տարի ժամանակով: Ազատազրկման սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 11-ից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Ավետիկյանի շահերի պաշտպան Հունան Բաբայանը:
Պաշտպանը խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, Բակուր Ավետիկյանի պատիժը մեղմացնել՝ հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները:
Այսօր վերաքննիչ դատարան էր կանչվել նաև տուժողը, ով նշեց, որ ամբաստանյալը կրկնակի կաշառք է պահանջել, դրա շուրջ իրենք վիճել են, և ավագ տեսուչ Ավետիկյանը «կանդալել է» իրեն, ծեծել ու 6 ժամ պահել ոստիկանությունում:
Այնուամենայնիվ, տուժողը հայտնեց, որ ամբաստանյալի դեմ ներկայումս բողոք չունի, իսկ պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի բավարարումը թողնում է դատարանի հայեցողությանը:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը, սահմանված պատիժները չմեղմացրեց և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:










































