Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, ազատամարտիկները, նախապես հայտարարվածի համաձայն, հանրահավաք-երթի դուրս կգան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ հանրահավաք-երթը կանցկացնեն Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ: Թե էլ ինչ քաղաքական ուժեր կմիանան իրենց միացյալ երթին, Ավետիսյանը դժվարացավ նշել: «Դե այնտեղ կերևա, դեռ չգիտեմ, բոլորն են խոստացել գալ, բայց՝ տեղում կերևա: Հավաքվում ենք Ազատության հրապարակում, հետո երթի դուրս կգանք, դրանից հետո նորից հանրահավաք կլինի»,- ասաց նա: Ազատամարտիկը դժվարացավ նշել իրենց երթուղին, ասաց, որ այն կորոշվի հանրահավաքի օրը՝ հենց տեղում: Ավետիսյանը օրակարգի, հանրահավաքի մասնակիցների և այլնի վերաբերյալ մանրամասներ հաղորդել չցանկացավ՝ փակագծերը շատ չբացելով:
ՀԱԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկող երթը նպատակ ունի իր բողոքն արտահայտելու Հայաստանի բռնապետական իշխանության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների, դրանց սահմանափակման դեմ:










































