Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բացառել է, որ թուրքական նորաստեղծ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները նախագահական ընտրություններում կանցնի երկրորդ փուլ, գրում է թուրքական toplumsal.com.tr կայքը։
Փայլանը նաև հիշեցրել է Աքշեների՝ ազգայնական ու հայերին վիրավորող արտահայտությունները՝ նշելով, որ երբեք նրա օգտին չի քվեարկի։
«Աքշեները 90-ականներին ներքին գործերի նախարար էր: Հենց այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել մեկ անգամ: Հիմա ես՝ որպես հայ ինչպե՞ս ձայն կտամ Աքշեներին:
Այո՛, ես նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտքն է», – ասել է Փայլանը։
Ըստ Փայլանի՝ Աքշեները նախագահական ընտրություններում երկրորդ փուլ հասնելու հնարավորություն չունի։ Ըստ նրա՝ երկրորդ փուլում Էրդողանի հետ կպայքարեն Ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեն կամ Ժողովրդադեմոկրատական Սելահաթթին Դեմիրթաշը։









































