Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկման դրվեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին, Նույնականացման քարտերի մասին, Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց՝ նոր անձնագրերի համակարգի ներդրմանը որքանո՞վ ենք մենք այսօր պատրաստ, որքանո՞վ են դրանք արդարացված: «Դուք գիտեք՝ ՀՀ քաղաքացիները վերջին շրջանում, հատկապես կուտակային կենսաթոշակների հետ կապված, ինչքան զգայուն են իրենց ծախսերի ավելացման հետ: Տեսեք, մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար սահմանված է 25 հազար դրամ տուրք, ըստ էության՝ սա հսկայական գումար է հավաքական առումով, և այստեղ ծագում է հետևյալ հարցը՝ ինչո՞ւ է այդքան բարձր այդ տուրքը, նաև ենթադրվում է, որ կան որոշակի ծախսեր, և հետաքրքիր է՝ ի վերջո ովքե՞ր են իրականացնելու այս նոր անձնագրերի պատրաստման հետ կապված գործընթացները, կա՞ն արդյոք էդտեղ մասնավոր ընկերություններ»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ հանրային լայն քննարկումների տեղիք են տալիս նաև արագաչափերի հետ կապված հարցումը, որտեղ լիազորությունների մասն, ըստ էության, պատվիրակված է մասնավոր ընկերությունների, ապա հետաքրքրվեց՝ արդյոք այս դեպքում է՞լ ունենք մասնավոր ընկերություններ, որոնք այս անձնագրերի փոփոխության գործընթացում ստանալու են շահույթներ: Պատգամավորին հատկապես հետաքրքրում էր՝ մոտավորապես ինչ ծախսերի և եկամուտների հետ գործ ունենք, որքանով են ծախսերը կամ տուրքի՝ վճարի չափն արդարացված, դրանց որ մասն է բաժին հասնելու պետությանը, որը՝ մասնավոր ընկերություններին:
Օսիկյանը տեղեկացրեց, որ 25 հազար դրամ պետական տուրքը միայն ճամփորդական փաստաթղթերի համար է, սակայն եթե քաղաքացին անձնագիրը ՀՀ տարածքում օգտագործելու համար անձը հաստատող փաստաթուղթ պետք է վերցնի, ապա պետք է վերցնի միայն նույնականացման քարտ, որն ամբողջությամբ փոխարինում է անձնագրին ու սոցիալական քարտին: Այսինքն՝ այդ երկուսի փոխարեն լինում է մի փաստաթուղթ, որն, ըստ Օսիկյանի, ավելի պաշտպանված է, օգտագործման համար՝ պիտանելիության իմաստով, նրա զգայունությունն ավելի մեծ է, այսինքն՝ պիտանելիության ժամկետից շուտ չի կարող շարքից դուրս գալ: Այդ առումով քաղաքացիների համար սա ավելի հարմար փաստաթուղթ է:
«Իհարկե, դուք իրավացի եք, որ 25 հազար դրամը թանկ է, բայց պետք է նկատի ունենանք, որ սա կենսաչափական փաստաթուղթ է, այն ունի առավելություններ: Դրանցից մեկն այն է, որ տասը տարի ժամկետով տրվելու պարագայում այլևս օտարերկրյա պետություններում վավերականության կնիքը չի լինի, այսինքն՝ եթե նախկինում յուրաքանչյուր ելքի համար կար 1000 դրամ, որի համար մարդը դժվարություններ էր ունենում, ավելորդ աշխատանքի կամ ժամանակի ծախս, այլևս դա չի լինելու: Միայն այս անձնագիրը բավական է օտարերկրյա պետություններում ազատ ճամփորդելու համար»,- ասաց նա:
Օսիկյանը հավելեց՝ իրենք հնարավորություն են տվել սոցիալապես անապահով շերտերին անվճար ստանալ նույնականացման քարտը և մինչև 16 տարեկան բոլորը, իսկ 16-18 տարեկան՝ միայն արական սեռի քաղաքացիները անվճար կարող են ստանալ նաև հին նմուշի անձնագրերը: Բացի այդ, հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով դիմողները նույնպես հնարավորություն կունենան ընտրություն կատարել հին ու նոր անձնագրերի միջև:
Ըստ զեկուցողի՝ 25 000 դրամն ամբողջությամբ գնալու է պետբյուջե, մրցույթ կայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն դեռ երեք տարի առաջ է անցկացվել, շահել է լեհական կազմակերպություն: Շուրջ մեկուկես տարի է՝ այս համակարգը ներդրված է, 4 հազար քաղաքացիներ ստացել են կենսաչափական նմուշների անձնագրեր և շուրջ 88 հազար քաղաքացիներ՝ նույնականացման քարտ. զուգահեռաբար օգտագործվում են թե հին նմուշի անձնագրերը, թե այս փաստաթղթերը: Ավելին՝ ցանկացած քաղաքացի, որ տիրապետում է հին նմուշի անձնագրերի, այս օրենքի մասով պարտավոր չէ դրանք հանձնել, այսինքն՝ նա կարող է պահել դրանք մինչև ժամկետի ավարտը՝ կլինի դա ութ կամ տասը տարի, կարող է ազատորեն օգտագործել:
Կենսաչափական տվյալներով անձնագիր ունենալն, ըստ Օսիկյանի, քաղաքացիների համար փոխհատուցվում է մեկ այլ բանով. ՀՀ-ն մի շարք այլ երկրների հետ ունի վիզային ռեժիմ, և եթե քաղաքացիները լրացուցիչ վճարումներ են կատարում օտարերկրյա պետություններում մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն չեն ստանում, ապա այս համակարգի արդյունքում ունեցած անձնագրերը էականորեն նպաստում են նրան, որ ավելի ազատ, արտոնված կամ մեղմ ռեժիմով ստանան արտոնագրեր: Սա, ոստիկանության ներկայացուցչի խոսքով, նաև հնարավորություն է տալու ոչ ցանկալի անձանց ավելի հեշտ հայտնաբերել, և ավելի պաշտպանված փաստաթուղթ է:
Փաշինյանին պատասխանը չգոհացրեց, նա հետաքրքրվեց՝ ով է վճարում այդ լեհական ընկերությանը, ի վերջո՝ նրանք արտադրանք են տալիս, այն գալիս է Հայաստան, և նրանց ինչ-որ մեկը վճարում է: «Այսինքն՝ ինձ հետաքրքրում է էդ ընկերության շահույթի չափը, իրենք արդյոք Հայաստանում գրանցված դուստր ձեռնարկություն կամ որևէ ձեռնարկություն ունե՞ն՝ հայաստանցի փայատերերով, այսինքն՝ ես ասացի, որ հարցը ձեզ հասկանալի կոնտեքստում է, և այս նրբությունները պարզաբանելը կարևոր է»,- ասաց նա:
Օսիկյանը տեղեկացրեց, որ կառավարությունը դեռևս 2011 թ. լեհական ընկերության հետ պայմանագիր է կնքել, և այն պարտավորվել է մատակարարել մոտ երեք հարյուր հազար անձնագիր առաջիկա հինգ տարվա կտրվածքով, և հինգ տարվա կտրվածքով ՀՀ-ն պարտավորվել է այդ գումարները մարել: Մեկ անձնագրի՝ լեհական կողմին վճարվելիք արժեքը մոտավորապես 23 հազար դրամ է՝ հավելած նաև որոշակի գումարներ, որ պետությունն իր վրա է վերցրել փոխհատուցման կարգով՝ նպաստառուների և այլնի համար, իսկ նույնականացման քարտի արժեքը գրեթե նույնն է՝ երեք հազար դրամից քիչ ավելի, այսինքն՝ պետությունն ինչ-որ հավելյալ գումար այստեղ չի նախատեսում:
Օսիկյանը նաև տեղեկացրեց, որ լեհական ընկերությունն ունի Հայաստանում գրանցված նաև դուստր ձեռնարկություն:









































