Զինվորականները վերահսկում են իրավիճակը Եմենի մայրաքաղաք Սանայում՝ Բաբ Ալ-Եմեն շրջանում, որտեղ հինգշաբթի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է պաշտպանության նախարարության շենքի վրա գրոհը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եմենի ՊՆ հայտարարությունը:
ԶԼՄ-ները հաղորդում են շուրջ 60 զոհի մասին:
Al Arabiya հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդում է, որ ականապատ ավտոմեքենաների պայթյունից հետո զինվորական համազգեստ հագած ծայրահեղականները ներխուժել են ՊՆ համալիրում տեղակայված ռազմական հիվանդանոց և սպանել մի քանի արտասահմանցի բժիշկների, որոնք, ենթադրաբար, Չինաստանի կամ Ֆիլիպինների քաղաքացի են:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՊՆ-ի տարածքում կրակոցները շարունակվում են մինչև հիմա: Շենքում հրդեհ է բռնկվել, այրվում են նաև պայթյունից վնասված ավտոմեքենաները:











































