Իսպանիայի բնակիչ Դեվիդ Մոռանան պատմել է, թե ինչպես է զրկվել ոտքերից և ձեռքերից միայն այն պատճառով, որ բժիշկը չի կարողացել ճիշտ ախտորոշել իր հիվանդությունը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Հունվարին 24-ամյա տղամարդը տենդ և ծնոտի ցավ է ունեցել: Նա հիվանդանոց է գնացել և արյան անալիզ է հանձնել: Բժիշկը որևէ վտանգավոր բան չի նկատել, ամեն ինչ կապել է մրսածության հետ և հիվանդին տուն է ուղարկել:

Ավելի ուշ Մորանայի մոտ սրտխառնոց է սկսվել և ջերմությունը հասել է 39 աստիճանի, իսկ դեմքի վրա շագանակագույն լաքաներ են հայտնվել: «Ես ինձ սարսափելի էի զգում, ոտքերս ահավոր ցավում էին, թվում էր, թե ցրտահարված են: Ես հանեցի գուլպաներս, և շագանակագույն լաքաները ոտքերիս վրա էլ նկատեցի»,- պատմել է իսպանացին:
Նա հիվանդանոց է վերադարձել, և կրկնակի զննումից հետո բժիշկները նրա մոտ մենինգիտ են հայտնաբերել: Երկու օրվա ընթացքում վարակը տարածվել է ամբողջ մարմնով, և կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերն ու ձեռքերը:
Ներկայումս Մորանան փորձում է սոցցանցերի միջոցով գումար հայթայթել նոր վերջույթների համար: Նա խոստովանում է, որ նախկինում մարզիկ է եղել և կցանկանար ակտիվ կյանքի վերադառնալ:












































