Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով Մառախլապատ Ալբիոն է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից, ընդգծել է, որ Պրեմիեր լիգան գերազանցում է իսպանական Լա Լիգային: Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը նաև խոստովանել է, որ Լոնդոնում իրեն ավելի հարմարավետ է զգում, քան Մադրիդում:
«Լոնդոնը պարզապես անհավանական է, այստեղ շատ հաճելի է ապրել, միշտ ինչ-որ բան կատարվում է: Ես ուրախ եմ, որ այստեղ կարող եմ մեծ ուշադրություն դարձնել անձնական կյանքիս: Մադրիդում իսկական դժոխք էր սկսվում, եթե ես ինչ-որ տեղ էի դուրս գալիս: Լոնդոնում բոլորն ավելի զուսպ են:
Ես խաղացել եմ աշխարհի 3 ուժեղագույն առաջնություններում, ուստի գիտեմ, թե ինչ եմ ասում, երբ պնդում եմ, որ հենց Անգլիայի Պրեմիեր լիգան է լավագույնը: Այն շատ մրցունակ է: Այստեղ յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել մյուսին»,- ասել է Օզիլը:








































