Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդներն այսօր երթով ԱԺ դարպասներից հասան ՄԻՊ գրասենյակ: Նրանց վստահեցրին, թե Մարդու իրավունքների պաշտպանն իրենց կողքին կլինի Սահմանադրական դատարան դիմելիս:
Ակտիվիստները տարբեր ոլորտներից են, նրանց մեջ մեծ թիվ են կազմում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:
Նրանք ՄԻՊ գրասենյակից շարժվեցին կառավարություն՝ ներկայացնելու իրենց պահանջները: Ամբողջ ճանապարհին նրանք քաղաքացիներին իրազեկում էին, որ եկող տարվանից ավելի քիչ աշխատավարձ են ստանալու, քանի որ կառավարությունը մտնում է իրենց գրպանը և գողանում իրենց գումարը:
Տեղ հասնելով, սակայն, նրանք չպահանջեցին կառավարության ներկայացուցիչներից դուրս գալ և լսել իրենց պահանջները: Երիտասարդները դա մեկնաբանեցին նրանով, որ կառավարությունն այլևս ի զորու չէ այս խնդիրը լուծել, խնդրի լուծման բանալին արդեն ժողովրդի ձեռքում է:
Կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարող երիտասարդները Կառավարության շենքի առջև վանկարկում էին՝ «Ամոթ, ամոթ», «Չենք արտագաղթելու»: Ակտիվիստները նշեցին՝ կառավարությունն իրենց բողոքը, պահանջները համարում է անհեթեթ, մինչդեռ իրականում անհեթեթ է հենց իրենց վարած քաղաքականությունը:
Առաջիկայում ՄԻՊ գրասենյակի, ընդդիմադիր խմբակցությունների աջակցությամբ երիտասարդները կդիմեն Սահմանադրական դատարան, ինչպես նաև կկազմակերպեն հանրահավաքներ, հնարավոր է նաև դիմեն գործադուլի:









































