«Եվրատեսիլ-2018»-ի հաղթող Նետա Բարզիլայը՝ Իսրայելից, մրցույթում հաղթանակից հետո մամլո ասուլիս է տվել։
Բարզիլայն ասել է, որ «Եվրատեսիլ»-ում ինքը նախ իր հետ է մրցակվել։ Երգչուհին խոստովանել է, որ իր հաղթանակի մասին լսելով, շատ է հուզվել։
Լրագրողների հետ զրույցում «Եվրատեսիլ»-ի հաղթողը շնորհակալություն է հայտնել ԼԳԲՏ հանրությանը, որի դեսպանն է հանդիսանում։ Նետայի խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց։

«Ես գնահատում եմ նրանց։ Նրանք իմ թիմում մեծամասնություն են, իմ թիմի մեծ մասը։ Նրանք հոգ են տանում իմ մասին և աջակցում են ինձ բոլոր դժվարին ժամանակներում։ Ես ոչինչ եմ առանց նրանց, առանց նրանց էներգիայի, ես մինչև կյանքիս վերջ նրանց համար ելույթ կունենամ։ Եվ ես կլինեմ Թել Ավիվի հաջորդ փրայդում։ Եկե՛ք փրայդ շքերթին, սիրո շքերթին»,-կոչ է արել երգչուհին։
«Իմ գլխավոր ուղերձն է՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Ես հարգում եմ ինձ՝ անկախ իմ չափսերից։ Կարևոր չէ, թե ինչպիսի տրամադրություն ունեմ, ինչպիսի ձայն ունեմ՝ դա գլխավորը չէ։ Ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին կամ և լսել ինքս ինձ, թե ինչպիսի երաժշտություն եմ ցանկանում ստեղծել»,-ասել է Բարզիլայը։









































