Ադրբեջանում խուսափում են մեկնաբանել Պուտինի հայաստանյան այցը՝ չբարկացնելու համար «հյուսիսային արջին»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զեռկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարած պետական այցին:
Նա նշեց, որ եթե հետևենք ադրբեջանական քաղաքականապես ակտիվ հանրության արձագանքներին, կառավարամետ շրջանակներին, ապա կտեսնենք, որ նրանք ջանում են չանդրադառնալ այդ այցին, որովհետև եթե մեկնաբանեն անկեղծ, պետք է կտրուկ հռետորաբանությամբ խոսեն Պուտինի մասին, իսկ կառավարամետ քաղաքական ուժերը դա չեն ցանկանում: Բայց, ըստ նրա, դա չի նշանակում, թե նրանք լավն են մտածում Վլադիմիր Պուտինի մասին ներկայումս, պարզապես նրանք չեն ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Պուտինն այդ քննադատությունը հնարավոր է չկարողանա ադեկվատ ընկալել: «Հյուսիսային արջին զայրացնել և նրա հարվածներին արժանանալ ոչ ոք չի ցանկանում»,- ասաց նա:
Անդրադառնալով այցի ռազմաքաղաքական նշանակությանը՝ ադրբեջանցի քաղաքագետը նշեց, որ Պուտինն իրեն Հայաստանում դրսևորեց այնպես, ինչպես տանտերը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերվեց այնպես, ինչպես մարզպետի: «Պուտինն ասաց, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումը սուվերեն որոշում էր այն դեպքում, երբ դա հենց ՀՀ իշխանությունների կողմից պետք է հնչեր, և ոչ թե Պուտինի գնահատականը պետք է հնչեր այդ որոշման սուվերենության կապակցությամբ: Մեծ հաշվով՝ եթե համեմատենք Պուտինի ադրբեջանական այցի հետ, ապա Ադրբեջան Պուտինը չժամանեց այն շուքով, ինչպես որ ցանկանում էր, այլ այնպես, ինչպես Ադրբեջանի իշխանությունները թելադրեցին, իսկ ՀՀ-ում նա եկավ ռուսական ռազմաբազա: Սկզբում նա ցույց տվեց, որ չի եկել այլ երկրի տարածք, այլ եկավ Գյումրի և ընդունեց Սերժ Սարգսյանին: Տպավորությունն այդպիսին էր: Նա ընդունեց Սերժ Սարգսյանին ռուսական ռազմաբազայում: Բայց չէ՞ որ դա աբսուրդ է այցը սկսել ռազմաբազայից: Նա նաև նշեց, որ Հայաստանին պետք է էժան գնով զենք մատակարարի այն դեպքում, երբ Ադրբեջանին վաճառում է նույն զենքը միջազգային գներով: Այստեղ ևս աբսուրդ կա, քանի որ Ադրբեջանին շուկայական գներով զենք վաճառելու շնորհիվ ՌԴ-ն էժան զենք է մատակարարում Հայաստանին: Այսինքն՝ իր կորուստները «կոմպենսացնում է» Ադրբեջանի հաշվին»,- տեսակետ հայտնեց Ռաուֆ Միրկադիրովը:
Նա նշեց, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան ևս մեկ անգամ հաստատեց այն, որ նա է Հայաստանի տերը, և Ադրբեջանի սպառնալիքը գալիս է ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստանից: Նրա շեշտմամբ՝ սպառնալիքն այն է, որ Ռուսաստանն ինքը կարող է հրահրել պատերազմ կողմերի միջև:











































