ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է մինչև իր լիազորությունների ավարտը աշխատել առողջապահական բարեփոխումների կատարելագործման ու ներդրման վրա, որին դեմ են ընդդիմադիր հանրապետականները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե ինձ անհրաժեշտ լինի պայքարել ևս 3 տարի՝ ապահովելու համար օրենքի գործողությունը, ես պատրաստ եմ»,- ասել է Օբաման՝ հանդես գալով հատուկ հայտարարությամբ:
Նրա խոսքով՝ առողջապահական բարեփոխումները արդեն օգնել են միլիոնավոր մարդկանց ու օգուտ են բերում մեծաթիվ քաղաքացիների:
Նոր բժշկական ապահովագրությունը ամերիկացիներին թույլ է տալիս ամսական հարյուրավոր դոլարներ խնայել:
«Ինտերնետ-կայքը (որի միջոցով է իրականացվում բժշկական ապահովագրության ձևակերպումը) ներկայում լավ է աշխատում, ու մենք պատրաստ ենք ուղղել թերությունները, որոնք ի հայտ կգան: Ես ամեն օր ստուգում եմ՝ համոզվելու համար, որ այն լավ է աշխատում»,- ասել է Օբաման:









































