Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթում կրտսեր և ավագ ենթախմբերում մրցանակներ հանձնվեցին երրորդ, երկրորդ և առաջին տեղերի համար: Մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը անցկացվեցին մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը` Հայաստանի կոմպոզիտորների միությունում:
Կրտսեր խմբում երրորդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Ալեքսանյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Սյուզաննա Աղամալյանը, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց իննամյա Աշճյան Արաքսը, ով խոստովանեց` վստահ էր, որ հաղթելու է: Արաքսի խոսքով` ինքը շատ է սիրում Լյուդվիգ Վան Բեթհովենի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները:
Ավագ խմբում երրորդ մրցանակը հանձնվեց երկու ստեղծագործողների` Արսեն Բոյաջյանին և Հայկ Մելքոնյանին: Երկրորդ տեղը գրավեց Լեո Բաղդասարյանը, իսկ առաջին մրցանակին արժանացավ Ալեքսանդր Տոնիկյանը: Նա վստահեցրեց, որ մրցույթն ինքնաարտահայտվելու, ուժերը մյուսների հետ համեմատելու հիանալի հնարավորություն է տալիս:
Խրախուսական մրցանակ տրվեց Արինա Վարդանյանին, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Մոնիկա Սարգսյանը:










































