Ուկրաինայի ՆԳՆ ուժերը, որոնք տեղակայված են Ղրիմում, ուղարկվում են Կիև: Այս մասին հայտարարել է ներքին զորքերի հրամանատարության Ղրիմի վարչության պետ Նիկոլայ Բալանը՝ փոխանցում է «1+1» հեռուստաալիքը:
«Սպանել են երեք ստորաբաժանումների մեր ծառայակիցների՝ հատուկ նշանակության ջոկատից, Սիմֆերոպոլ քաղաքում և Կրասնոկամենկա բնակավայրում տեղակայված զորամասերից»,- հայտնել է Բալանը: Նա չի հայտնել Կիև ուղևորվող զինծառայողների թիվը: Բալանը նշել է, որ զորքերը պետք է պաշտպանեն հասարակական կարգը:
Ներքին զորքերի գլխավոր վարչությունում վստահեցրել են, որ ներքին զորքերի մասին օրենքները չեն խախտվում: «Ներքին զորքերը չեն մասնակցում ցրման գործողություններին, նրանք պարզապես, ինչպես արդեն ասվել է, «կենդանի վահան» են»: Այսինքն՝ մեր այսօրվա խնդիրն է պետական իշխանության մարմինների աշխատանքի ապահովումն ու հասարակական կարգի պահպանումը»,- հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի իրավական հարցերով վարչության պետ Դմիտրի Շչետինինը:
Իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» ընդդիմադիրներին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի մեջ: Կուսակցությունը հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի դրամատիկ իրադարձությունները մեծ ակնհայությամբ ցույց են տալիս ընդդիմադիր քաղաքական ուժերի հանցավոր մտադրությունները, ուժային սցենարի ակտիվ փուլի անցման նրանց պատրաստակամությունը՝ ուղղված իշխանության զավթմանը:









































