Maxima առևտրի ցանցը վերջապես ներողություն է խնդրել Ռիգայում ցանցին պատկանող խանութներից մեկի փլուզման հետևանքով զոհվածների հարազատներից, տուժածներից և Լատվիայի բոլոր բնակիչներից:
Այս մասին հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է «Վիլնյուս պրեկիբա» հոլդինգի բաժնետերերից մեկը՝ Իգնաս Ստաշկյավիչյուսը, ում պատկանում է բալթյան երկրներում գտնվող Maxima խանութների ցանցը: «Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ընկերությունը հնարավոր ամեն ինչ չի արել փլուզումը կանխելու համար: Ցավում եմ, որ մեր թիմը չի կարողացել փրկել մարդկանց: Ներողություն եմ խնդրում մեր գործողությունների համար, սխալների և անցած շաբաթ արված արտահայտությունների համար»,- նրա խոսքերն է փոխանցում ИТАР-ТАСС-ը:
Ընկերության ներկայացուցիչը խոստացել է. որ «հնարավոր ամեն բան կանի շենքերի անվտանգությունը երաշխավորելու և աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու համար»:
Ստաշկյավիչյուսը հաղորդել է, որ ողբերգությունից հետո ընկերությունում փոխվել է ղեկավարությունը, և ներքին հետաքննություն է անցկացվում:










































