Շատերն են կամա, թե ակամա համեմատություն անցկացնում Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև: Այդ համեմատությունը շատերի համար հատկապես գայթակղիչ դարձավ դեկտեմբերի 2-ին հայաստանյան իրադարձությունների ֆոնին, երբ Հայաստանում փորձ արվեց ՌԴ նախագահ Պուտինի այցի օրը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության կոչով, Հայաստանի անկախությունը չզիջելու հաստատակամությամբ, երբ մի քանի հարյուր քաղաքացիներ փողոց դուրս եկան և իրենց վճռականությունը հայտնեցին` ընդդիմանալ Հայաստանը Ռուսաստանի խորը ենթակայության տակ մղող Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, ու այդ ամենը պարտադրող Պուտինի կայսերապաշտությանը:
Ուկրաինայի և Հայաստանի իրավիճակներն այս առումով անհամեմատելի են, քանի որ Հայաստանում ընդդիմացող, փողոց դուրս եկած քաղաքացիների թիվն անհամեմատ քիչ էր, քան Ուկրաինայում: Մյուս կողմից` երևի ինքնին սխալ է քանակական համեմատություն անցկացնել 50 միլիոնանոց Ուկրաինայի և 2 ու կեսից մի քիչ ավելի միլիոնանոց Հայաստանի միջև: Կարևորն այստեղ այն է, որ կա հասարակություն, որը պատրաստ է մերժել և՛ կայսրությանը, և՛ կայսերահպատակ ուժերին՝ առաջին հերթին իշխանությանը: Նման հարցերում թվաքանակը չէ որոշիչը, այլ խելքը, հնարամտությունը, համարձակությունը, կամքը, իրավիճակի և մյուսների հանդեպ լիովին անկեղծ լինելու կարողությունը: Իսկ փողոց դուրս եկած մի քանի հարյուր քաղաքացիների կորիզը օժտված է այդ հատկանիշների առնվազն զգալի մասով:
Փոխարենը, Ուկրաինայի իրավիճակի հետ հայաստանյան վիճակը համեմատելի է քաղաքական ուժերի պահվածքի առումով: Ուկրաինայում ընդդիմությունը, այսպես ասած, վերցրեց հասարակական դժգոհության ալիքն ու միացավ հանրությանը, սկսեց ծառայել հասարակությանը` մի կողմից հանդես գալով իր կուսակցական ֆունկցիոնալ կառույցներով, մյուս կողմից իհարկե` մերժելով կուսակցական սիմվոլիկան: Թեկուզ արտաքնապես, բայց գոնե այս պահին մերժելով, նաև բանտարկված Յուլյա Տիմոշենկոյի կոչին անսալով:
Հայաստանում, քաղաքացիական ակտիվության ֆոնին, ռուսական կայսրության ոտնձգությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժեր, այսպես ասած` հիմնական պալիտրայում, չկան: Այսինքն` կուսակցական ենթակառուցվածքներ չեղան, որ դրվեին հասարակական ծառայության սեղանին, որոնք կսկսեին սպասարկել հասարակական, քաղաքացիական շահերը, կստորադասեին կուսակցական սիմվոլիկան՝ թեկուզ արտաքնապես և կմիանային կայսրության դեմ, ստրկության դեմ քաղաքացիական պայքարին: Այդ տեսանկյունից քանակն արդեն, իհարկե, կապ չունի՝ բնակչության քանակը: Այսինքն` կուսակցություններից ոչ ոք չէր պահանջի հարյուր կամ թեկուզ տասնյակ հազարանոց միտինգներ, երթեր և այլն: Կուսակցություններից կպահանջվեր ընդամենը՝ ով ինչքան կարող է: Իսկ նրանք ցույց են տվել, որ երբ հարկ է լինում, կարող են: Բավական է ինչ-որ պահանջներով պայմանավորված հավաքներ անցկացնել, և նրանք իրենց կուսակցական դրոշակակիրներով, ավտոբուսներով և այլ միջոցներով, միմյանց հանրահավաքներ հանդիսատեսներ փոխանցելով կարողանում են աղմուկ ապահովել: Այսինքն` նրանք հաստատապես կարող էին ավելին, քան այն, ինչ կա: Այսինքն` խնդիրն ընդամենը նրանց ցանկությունն ու դիրքորոշումն էր: Բայց այս տեսանկյունից էլ, իհարկե, նրանք արտահայտվել են դեռևս սեպտեմբերի 3-ից հետո՝ ոչ մի թթու խոսք Ռուսաստանի հասցեին: Եվ եթե հասարակությունը նույնիսկ միայն Սերժ Սարգսյանի դեմ պայքարի՝ բայց Մաքսային միությանը միանալու համար, միևնույն է` քաղաքական ուժերը հասարակությանը չեն միանալու, որովհետև այդ դեպքում պետք է հայտարարեն, որ ՄՄ-ին միանալը անընդունելի է: Իսկ դա նշանակում է խոսել Ռուսաստանի դեմ:
Այսինքն, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնողները ոչ միայն իշխանություններն են, այլ նաև քաղաքական ընդդիմության մեծ մասը: Մի քանի կուսակցություններ այդ տեսանկյունից հանդես են եկել Հայաստանի գաղութացման քաղաքականության դեմ, դատապարտել են ՄՄ անդամակցումը: Սակայն այդ ուժերը ներկայումս չունեն այն հանրային կապիտալն ու կուսակցական ենթակառուցվածքները, որոնք կարող են արդյունավետ կերպով դնել հանրային ծառայության տակ, ինչպես Ուկրաինայում: Դա էլ, ի դեպ, տվյալ կուսակցությունների համար է խնդիր: Այսինքն` եթե նրանք չունեն այդ ռեսուրսները, ապա չունեն միմիայն սեփական թերի գործելաոճի պատճառով, հանրության հետ պասիվ աշխատանքի պատճառով: Այսինքն` ոչ ոք այդ կուսակցություններից բացի, մեղավոր չէ, որ նրանք չունեն հանրային լուրջ կապիտալ: Սակայն սա արդեն այլ խնդիր է, իսկ փաստն այն է, ընդհանուր առմամբ, որ ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում հասարակական, քաղաքացիական սեկտորը չստացավ կուսակցական աջակցություն, չստացավ կուսակցական ծառայություն, չստեղծվեց կապ փոքրաթիվ հայկական «մայդանի» և քաղաքական դաշտի միջև:
Այսինքն` քանակը չէ խնդիրը, այլ պայքարի բաղադրիչների ոչ լիարժեքությունը: Սակայն կարևորը տվյալ դեպքում շարժումն է, որը ինքնին միաժամանակ նաև որոնում է ենթադրում: Դրանում ներգրավված քաղաքական ուժերն ու քաղաքացիները անպայման կգտնեն փոխգործակցության և փոխազդեցության պահանջվող մեխանիզմները: Բոլորովին պարտադիր չէ, որ այդ ամենը կրկնօրինակի ուկրաինականին: Այստեղ բաղադրությունն է ավելի շատ խնդիրը, իսկ կապի մեխանիզմները, դա ըստ տեղի առանձնահատկությունների, տեղի նրբությունների, կգտնեն հասարակությունն ու ոտքի ելած քաղաքական առայժմ թեկուզ անբավարար հանրային կապիտալով ուժերը: Այդ ֆորմատն արդեն կլինի զգալիորեն և հեռանկարային:
Այսինքն` խնդիրը կրկին համեմատությունը չէ: Ընդհանրապես, պետք է զերծ մնալ ուղիղ համեմատականների կամ հակադարձ համեմատականների գայթակղությունից: Այդ փորձերը կարող են լինել դիդակտիկ նյութ, օժանդակ նյութ վերլուծությունների համար, սակայն երբեք ոչ համեմատական կամ ուղենիշ: Ուղենիշ կարող է լինել միմիայն կամքը: Իսկ այդ առումով, պետք չէ մոռանալ, որ ընդամենը երկու տասնամյակ առաջ ուղենիշը հենց հայ ժողովուրդն էր:






































