Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին մայիսի 10-ին առաջարկ էր ներկայացրել ոստիկանապետին և ԱԱԾ պետին պաշտոնից ազատելու մասին, ինչը բավարարվել էր: Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետի առաջարկով նախագահ Սարգսյանը նոր ոստիկանապետ և ԱԱԾ ղեկավար է նշանակել: Եվ եթե ԱԱԾ նոր ղեկավարի մասով հանրությունն առանձնապես մեծ անակնկալի չեկավ՝ այդ պաշտոնում է նշանակվել Երևանի ԱԱԾ կառույցի ղեկավար Արթուր Վանեցյանը, ապա ոստիկանապետի պաշտոնում նշանակումը նույնիսկ շատերի համար կարող է համարվել շոկային:
Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Վալերի Օսիպյանին, և նա այլևս ՀՀ ոստիկանապետ է: Կասկածից վեր է, որ այս նշանակումը ընկալվելու է ոչ միարժեք: Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր, այսպես ասած՝ քաղաքացիական և քաղաքական ամենատարբեր ակցիաների, շարժումների հետ ակցիաների ընթացքում ոստիկանության հարաբերության, այսպես ասած, գլխավոր պատասխանատուն, տարիներ շարունակ: Վալերի Օսիպյանն այդ դիրքում էր նաև «Իմ քայլը» շարժման գրեթե ամբողջ ընթացքում:
Նա իր գործունեության ընթացքում ընկալվել է թե՛ իբրև, այսպես ասած, «ռեժիմի» զինվոր, որը ուժով հակազդում է քաղաքացիներին, թե՛ բազմիցս աչքի է ընկել նույն այդ քաղաքացիների հետ պայմանավորվելու, փոխադարձ հանդուրժողության և հարգանքի դրսևորումներով: Միով բանիվ, ակնհայտ է, որ նշանակումը հակասական է, ինչպես հակասական է նաև Օսիպյանի գործունեությունը:
Մյուս կողմից՝ հայաստանյան իրողությունների, հայաստանյան համակարգի պայմաններում գրեթե անհնար է գտնել որևէ պաշտոնյա, որի կերպարն ու գործունեությունը հնարավոր չլինի դիտարկել հակասականության մեջ: Համակարգն է այդպիսին: Միևնույն ժամանակ, ոստիկանությունն այն ոլորտն է, որտեղ չափազանց դժվար ու ռիսկային է կատարել ղեկավարի նշանակում, այսպես ասած, դրսից: Հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ ոչ միայն իշխանափոխություն է, այլ այդ իշխանափոխությունը նույնիսկ դեռ ընթացքի մեջ է:
Եվ այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ընտրությունն անկասկած մեծ չէ, միևնույն ժամանակ, կասկած չկա, որ նա դրա մասին մտածել, այդ հարցը իր աչքի առաջ ունեցել է և պատկերացնելու ու ծանրութեթև անելու ժամանակ էլ ունեցել է այս ամբողջ ընթացքում, և որոշումն անկասկած մանրակրկիտ քննարկված որոշում է: Մի բան թերևս անկասկած է, որ Փաշինյանը վստահում է Վալերի Օսիպյանին, այլապես նշանակումը չէր լինի: Ինչ հիմքերով է այդ վստահությունը, այստեղ արդեն մի տիրույթ է, որտեղ երբեք հնարավոր չի լինի բերել համոզիչ բացատրություններ, և ավելին՝ այստեղ մի շարք բացատրություններ կարող են պարզապես լինել զուտ էթիկապես և մարդկայնորեն հանրայնացման ոչ ենթակա, հանրային մատուցման զուտ նույնիսկ ձևակերպումների առումով խիստ դժվար:
Բոլոր դեպքերում, կատարված է իսկապես հետաքրքիր նշանակում: Փաշինյանը տվել է դրա հետաքրքիր խորհրդանշական բացատրություն, որ այդպիսով նա փորձում է ցույց տալ հասարակության և իշխանության մեկտեղումը, մյուս կողմից՝ նաև բավական հստակ ձևակերպել է ակնկալիքներ թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ աշխատանքից, մի կողմից՝ քաղաքացիների և պետական անվտանգության ապահովման, մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով:
Այսինքն՝ հանրությունն ունի նոր նշանակված պաշտոնյաների գործողությունների որոշակի չափելի նշաձողեր, և վարչապետը հայտարարել է, որ ամեն օր քաղաքացիները պետք է զգան փոփոխությունը: Հետևաբար քաղաքացիներին մնում է միայն չափել և վերահսկել աշխատանքը՝ ըստ սահմանված նշաձողերի:







































